Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դատական պրիստավին, կարծես նրանից էր կախված իր պատվի պաշտպանությունը։

— Ну, господа, это...— կմկմաց դատական պրիստավը շփոթված, ըստ երևույթին, նա ամենևին չէր սպասում, թե մի կուլտուրական մարդու և խմբագրի բերանից այդպիսի կոպիտ խոսքեր կարող էին դուրս թռչել մի կնոջ հասցեին։ Խմբագիրը, ըստ երևույթին, ինքն էլ հասկացավ, որ իր խոսքերը չափազանց կոպիտ էին և անվայել, որ դրանով իշխանուհուն վիրավորելուց առաջ իր վարկը գցեց, և այդ գիտակցության տակ նրա ցասումը անմիջապես իջավ։

— Ասացեք, խնդրեմ,— դարձավ նա դատական պրիստավին ինքն իրեն արդարացնողի տոնով,— դուք օրենքի ներկայացուցիչ եք, օրենքը թո՞ւյլ է տալիս, որ պարտատերը վիրավորի պարտապանի մարդկային արժանապատվությունը։ Ես ինքս իրավագետ եմ և գիտեմ, որ աշխարհիս երեսին այդպիսի օրենք գոյություն չունի։ Ես չեմ վճարել իշխանուհուն բնակարանի վարձը, որովհետև չեմ կարողացել. գնացել գանգատ է արել, կատարողական թերթ է վերցրել և ձեզ բերել է, որ իրեղեններս ցուցակագրեք և աճուրդի հանեք։ Շատ լավ, այդ իր իրավունքն է, և ես ոչինչ չունեմ դրա դեմ։ Ես չեմ փախել...

— Միշտ փախչում էիք,— վրա բերեց իշխանուհին։ Խմբագիրը պատասխանելու տեղ աչքերը ոլորեց նրա վրա և, նորից դառնալով դատական պրիստավին, շարունակեց.

— ...Ոչինչ չեմ թաքցրել...

— Դեռ հարց է, չե՞ք թաքցրել,— նորից մեջ ընկավ իշխանուհին,— որովհետև ի՞նչ կա այստեղ։

Խմբագիրն այս անգամ ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա։

— ...Ահավասիկ,— շարունակեց նա ձեռքերը տարածելով համարյա դատարկ սենյակի մեջ,— ամեն բան, իմ բոլոր ունեցած-չունեցածը ձեր տրամադրության տակ է, ցուցակագրեցեք՝ ինչ որ կուզի և գնահատեցեք՝ ինչքան որ իր բարի կամքը կթելադրի։ Բայց վեր կենալ և շոշափել իմ անձնական պատիվը, իմ մարդկային արժանապատվությունը, արհամարհանքով խոսել իբրև խմբագրի և հրապարակախոսի կոչման մասին, ներեցեք, ես այդ թույլ չեմ տա ո՛չ ոքի։ Այս