Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վճարե՞մ պարտքս,— դիմեց խմբագիրը ավելի տանտիրուհուն, քան դատական պրիստավին։

— Այո, նույնիսկ ա՛յդ ժամանակ,— շեշտեց իշխանուհին, առանց նրան նայելու և դիմեց դեպի դուռը։

Խմբագիրն ուզում էր ինչ-որ ասել, բայց նա ետ չնայեց և դուրս գնաց։

Դատական պրիստավը լուռ գլուխ տվավ խմբագրին և հետևեց տանտիրուհուն։

Նրանց դուրս գնալուց հետո խմբագիրը մոտեցավ պատուհանին և, ձեռքերը գրպանները դրած, սկսեց մտախոհ նայել դեպի դուրս, որտեղ աշնանային հանգիստ, կապարագույն օդի մեջ փոշենման անձրև էր մաղում՝ թաց անելով փողոցի սալահատակը և հանդեպի մայթը։ Այժմ նրա դեմքին խաղում էր մի շատ հանգիստ քմծիծաղ, որի մեջ, սակայն, արտահայտվում էր հոգեկան մի խոր դառնություն։

Բայց այդ բոլորը մի քանի րոպե միայն տևեց, նա թափահարեց իր խոշոր գլուխը, կարծես դառն մտքերն իրենից վանելու համար և արագորեն մոտեցավ Հայրումյանին, որը նորից նստել էր աշխատելու։

— Ի՞նչ ունեք այսօր,— հարցրեց։

— Նյութը, երևի, կպակսի— պատասխանեց Հայրումյանը,— խնդրեմ՝ պոստը շուտով բերել տվեք։

— Այս րոպեին,— ասաց խմբագիրն և իրեն հատուկ աշխույժ քայլերով դուրս գնաց։

Թեև Հայրումյանը նստել էր աշխատելու, բայց երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում անել։ Հակառակ իր կամքին ու ջանքերին, պատահած դեպքից հետո մի տարօրինակ կաշկանդում էր տիրել նրան, և նա չէր կարողանում միտքը կենտրոնացնել անելիք գործի վրա։ Պատահած դեպքը չափազանց տարօրինակ էր և, նրա կարծիքով, անպատվաբեր այն լրագրի համար, որին նա ծառայել էր երկար տարիներ գրեթե միշտ քաղցած փորով և որի հետ կապված էր շան հավատարմությամբ։ Այդ գիտակցությունն էր, որ դառնացրել էր նրա հոգին և կաշկանդել միտքը, և նա առաջուց զգում էր, որ պատահած դեպքը երբեք չպիտի ջնջվի իր հիշողությունից։

Ու մինչդեռ նա վերին աստիճանի ճնշված դրության մեջ