Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


մեքենայի նման շարժում էր գրիչը, առանց կենտրոնանալ կարողանալու, խմբագիրն, ընդհակառակը, սովորականի նման աշխույժ ու տենդոտ, կատարում էր իր առօրյա աշխատանքը — կարգադրություններ էր անում էքսպեդիտորին ու ցրիչներին, աչքի էր անցկացնում տեղական ու մայրաքաղաքի թերթերը, գունավոր մատիտով նշան էր դնում թարգմանելիք լուրերի վրա, կարդում էր նոր ստացված թղթակցությունները, երկար ու բարակ զրույց անում այցելու բարեկամների հետ,— կարծես ոչինչ չէր պատահել կամ պատահածը նրան չէր վերաբերում։

Այժմ էլ, երբ Հայրումյանը, մի կերպ վերջացնելով իր աշխատանքը և վերջին նյութերը տպարան ուղարկելով, մռայլ հոգով վերադառնում էր տուն, առանց այլևս մտքովն անգամ անցկացնելու, որ պատահած դեպքից հետո խմբագրից փող ուզի — խմբագիրը նստել էր առաջնորդող գրելու։

«Այս տեսակ էլ մա՜րդ...»— մտածում էր նա ապշած։

1913

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾԸ

Նորատի կինը երեխայի և դայակի հետ նոր էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբ աղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան։

— Ի՞նչ պարոն,— հարցրեց տիկինը հետաքրքրված։

— Չգիտեմ։

— Ի՞նձ է ուզում։

— Այո։

— Թե՞ պարոնին։

— Ոչ, ձեզ։

— Եվ ի՞նչ։

— Ասացի՝ ճաշի ժամանակ է, չեն ընդունում, չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի։

Նորատի կինը մոտեցավ դեպի փողոց նայող բարձր պատուհաններից մեկին, բարձրացավ ոտների ծայրերի վրա, աշխատեց ներքև նայել ապակու միջից, բայց ոչինչ չտեսավ