Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռան մոտ, բացի մի մոխրագույն փափախի ծայրից:

— Լավ, գնա ներս հրավիրիր հյուրասենյակ, մինչև որ ես գամ,— դարձավ նա աղախնուն։

Աղախինը դուրս գնաց:

Նորատի կինը նորից կոճկեց շագանակագույն մետաքսյա բլուզը մեջքի վրա, մոտեցավ հայելուն. փոշի ցանեց փոքր-ինչ քրտնած երեսի ու պարանոցի վրա, մազերը շտկեց և դիմեց դեպի հյուրասենյակ։

Հյուրասենյակ մտնելուն պես նա կանգ առավ հանկարծ, մեկ՝ ուզեց ճչալ և ետ փախչել մի խելագար սոսկումով բռնված, բայց մեկ էլ՝ զարմանքն ու հետաքրքրությունն այնքան մեծ էին, որ տեղնուտեղը գամվեց և արձանացավ՝ աչքերը չորս շինած։

Նրա հանդեպ մուտքի դռան մոտ, բարձր պատուհաներից ներս թափանցող միջօրեի արևի ճառագայթների տակ կանգնած էր այցելուն սպասողական դրության մեջ։ Նա 30-35 տարեկան բարձրահասակ երիտասարդ էր, մաշված, արեվառ դեմքով, զորականի մոխրագույն հնամաշ շինելով, առանց ուսադիրների և ջարդված մորթե փափախով, որի ճակատին պորտի պես խրված էր սպայական կոկարդ՝ ներկը կիսով չափ թափված։ Ոտքի մեկը չուներ, երկար շինելի փեշի տակից երևում էր մի ոտը միայն՝ հնամաշ և երկար ժամանակից ի վեր չմաքրված երկարաճիտ կոշիկի մեջ, իսկ մյուս ոտի տեղ նեցուկ էր կրում թևի տակ։

Որովհետև աջ ձեռքը զբաղված էր նեցուկով, այցելուն փափախը վերցրեց ձախ ձեռքով, լուռ բարևի նշան արավ գլխի շարժումով և տեղից չշարժվեց, ըստ երևույթին վախենալով, որ նորատի կինը արտաքո կարգի մի բան կանի — կճչա, կփախչի սարսափահար, օգնություն կկանչի, որովհետև այդ էր ցույց տայիս նրա դեմքը, և ուրիշ բան չէր կարող թելադրել նրան այդ անակնկալ տարապայման հանդիպումը։

Սակայն նորատի կինը կանգնած էր ծայր աստիճան զարմանքից ու հետաքրքրությունից քարացած, չկարողանալով չռած աչքերը հեռացնել նրա խոշոր, խոհուն սև աչքերից, որոնք այնքա՜ն ծանոթ էին, այնքա՜ն մերձ ու սիրելի՝ մոտիկ