Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կյանքը: Ողջ լարվածությունը կուտակվում է մարդու բնությունում, իսկ այդ բնությունը կրքերն են: Պատահաբար չէ վեպում բերվում Ֆրիդրիխ Շիլլերի «Դոն Կարլոսի» տողը. «Ելիսաբե՛թ, Ելիսաբե՛թ, դու խլեցիր ինձնից իմ դրախտը. որպեսզի Փիլիպոսի ծոցում փչացնես»: Իրավիճակը համանման է. Մանեի ամուսինը վիպական գործողության հիմնական ընթացքում կնոջ մոտ էլ չէ. հայտնվում է միայն վերջում: Ինչու՞ չի կարելի մարդկային բնությանը հատուկ կրքերը մարմնավորել շիլլերյան սուր, դրամատիկական շեշտերով: Եվ Նար-Դոսը չի խուսափում այդ շեշտերից: Պաթետիկ տարուբերումը բևեռների մեջ, կրքերի, զգացմունքների բուռն պոռթկումները շարադրանքը քշում հանում են պարզ ու կոպիտ կյանքից հեռու: Ներքին, հոգեբանական, բարոյական պայքարն արտահայտելիս Նար-Դոսը դիմում է դրանց օբյեկտիվացմանը, կերպարի ներքին ալեկոծությունը, կրքերի հավերժական տառապանքը տալիս արտաքին-շոշափելի-տեսանելի պատկերներով, դեպքերի արտաքին զարգացման մեջ: Սա հասկանալի, հայտնի բան է, միայն թե կերպարի ներաշխարհի օբյեկտիվացման մեջ Նար-Դոսը դիմում է չափազանցությունների, դրամայի միջոցներին. զգացմունքների, կրքերի, կամային ռեակցիաների դրսևորմանը՝ բախման, ֆիզիկական գործողությունների մեջ, թերևս կատարվածի նշանակալիությունն ընդգծելու և իսկությունն առավել հստակ պատկերելու: Բայց մյուս կողմից հենց ինքը նկատում է, որ անհրաժեշտ է ծայրահեղությանները զսպել նույն այս իսկության պատկերման համար: Եվ իրագործում է երկու այդ մոտեցման համատեղ կիրառումով: «Պայքարում» զսպողի, կրքերի հախուռնությունն ու պաթետիզմը պարզ ու կոպիտ իրականությամբ կանոնավորողի դերը կատարում է Վահանը, որի հեգնանքը ուղղակի փրկում է վեպը: Ռեալականության զգացողությունը հետևում է վիպասանին քայլ առ քայլ:

7

Եղիա մարգարեի բարձրությունից դիտելով մարդկային գոյությունը նմանեցվում է մժղուկների աշխարհին, նույն անօգնականությունը, նույն անհեթեթ իրարանցումը, նույն չնչինությունը իրենցից դուրս գտնվող վիթխարի ուժերի ամենակալության ներքո: Մարդկային աշխարհը անօգնական է նաև բարոյական, հոգևոր բախումների մեջ, քշվում է ծովն ընկած տաշեղի նման: Հզորազոր տարերք: Բայց ահա խնդիրը՝ այդ մժղուկ-մարդու ներաշխարհում. «Իսկ ծղրիդն այնտեղ շարունակում էր իր անվերջ միապաղաղ ճռինչը՝ միանգամայն անտարբեր դեպի մարդկային կյանքը, որ անզոր ու անօգ, կարծես հավիտենական մի անեծքով փոթորկում էր ցավատանջ դադարումներով և կործանվում կրքերի ողբերգական պայքարի մեջ...»: Սա «Պայքար» վեպի նշանավոր ավարտն է. ամփոփումը ողջ պատումի և խորագրի պարզաբանումը: Ծղրիդը հիանալիորեն գտնված մի միջոց է, կրքերի ողբերգական պայքարի ավարտի տարօրինակ մասնակիցը: Ծղրիդի գիշերային երգը լսում է միայն մեկը՝ Սանթրոսյանը: Սկզբում ընկալումն այսպես է. «Ոչ մի ձայն, ոչ մի շշուկ չէր լսվում նույնիսկ