Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արամը չպատասխանեց. նստած էր մռայլ և հանգիստ և շարունակում էր չնայել նրան։

— Ինչու ես լռում և ինչո՞ւ չես նայում ինձ,— ասաց կինը մարտահրավեր համարձակ ձայնով։— Տեսնում ես— ես չեմ վախենում, որովհետև զզվելի բամբասանքի և զրպարտության դեմ ես ուրիշ զգացում չեմ կարող ունենալ, բացի նողկանքից։ Իսկ գիտե՞ս ինչու է նա բամբասել և զրպարտել ինձ, որովհետև ես այլևս չկամեցա, որ նա իմ աղջիկպարոնը լիներ, իսկ ես՝ նրա աղախինը։

Արամը զարմացած նայեց կնոջը։

— Այդ նորություն է ինձ համար։

— Օ՜, իհարկե, այս բանը խո չէր ասի քեզ։ Եվ լա՛վ իմացիր, Արամ, այս նորությունը ես այնուամենայնիվ չէի հայտնի քեզ, եթե դու հավատացած չլինեիր նրա զզվելի բամբասանքներին։

— Նախ՝ ես չասացի, թե ինչ է ասել նա, և երկրորդ...

— Ինչի՞ս է պետք, որ ասես։ Քո խոսակցության եղանակը և քո ակնարկներն արդեն իրենք աղաղակում են, թե չարամտությունը, չկամությունն ու նախանձը ինչեր են փսփսացել ականջիդ։ Իմ ամենամեծ դժբախտությունն այն էր, որ ես հնարավորություն չունեի իմ ձեռքի աշխատանքով ապրելու և ուզեի-չուզեի՝ պետք է նրա ձեռքին նայեի։ Եվ որովհետև նա մի կտոր հաց էր շպրտում ինձ և երեխայիս, իր իրավունքն էր համարում ամեն կերպ ստորացնելու ինձ, վիրավորելու ինքնասիրությունս։ Շարունակ գանգատ ու քրրթմնջոց, շարունակ երեսովս էր տալիս իմ ու երեխայիս կերած մի կտոր հացը, ում մոտ ասես գանգատվում էր, թե մենք մի-մի ծանր բեռ ենք դարձել իր վրա։ Իսկ այն, որ տան ամբողջ հոգսն ինձ վրա էր, որ եփող-թափողն ես էի, որ լվացող-կարկատողն ես էի, որ նրա հիվանդ մոր խնամողն ես էի — այդ բոլորը ոչինչ, այդ բոլորը չէր երևում նրա աչքին։ Իմ տեղ մի վարձկան աղախին լիներ, ավելի հարգանք ու պատիվ կվայելեր, քան թե ես, որ իր ընտանիքի անդամն էի, իր դժբախտ եղբոր դժբախտ կինը, նրա զավակի թշվառ մայրը։ Իմ վիշտը, իմ տառապանքները հերիք չէին, և նա էլ մյուս կողմից էր թունավորում իմ կյանքը։ Մի անգամ նույնիսկ