Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի դրության հասցրեց ինձ, որ քիչ մնաց առնեի երեխաս ու գնայի գետը նետեի ինձ, որպեսզի մի անգամից ազատվեի այդ դժոխքից։ Ասե՞լ է նա քեզ այս։ Իհարկե՝ ոչ։ Նա կարող էր միայն ուրիշ բան ասել. որպեսզի ամբողջ մեղքն ինձ վրա ձգի։ Ամո՛թ նրան։

— Ես նրա ասածներին ոչ մի կարևորություն չեմ տվել, և քո գանգատներն էլ միանգամայն ավելորդ են,— ասաց Արամը սառն կերպով։

— Ինչպե՞ս թե ավելորդ։ Ուրեմն դու չես ուզում իմանալ, թե ինչից ստիպված ես այս քայլն արեցի։

— Չեմ ուզում, որովհետև դրանով ոչինչ չի ուղղվի։ Դու ես մեղավոր, թե քույրս, չարաբաստիկ անհետ կորածների ցուցակն է եղել պատճառը, թե այն, որ ոչ մի հնարավորություն չի եղել ինձնից որևէ տեղեկություն հասցնելու քեզ — այդ բոլորն այժմ մեկ չէ՞ ինձ համար։ Եթե ես մանրակրկիտ կերպով պրպտեմ և գտնեմ դժբախտությանս իսկական պատճառը, դրանով գեթ մի մազաչափ կփոխվի՞ իմ վիճակը։ Առանց քո ասելու էլ ես շատ լավ գիտեմ, որ իմ գնալուց հետո քո դրությունը նախանձելի չպիտի լիներ։ Մի կողմից այդ, մյուս կողմից էլ այն, որ քեզ ու քեզ վճռել ես, թե ես այլևս չկամ, բավական է եղել, որ միանգամայն ազատ համարես քեզ և...

— Ինչպե՞ս թե ինձ ու ինձ,— արտասանեց կինը շանթահար։

Բայց Արամը շարունակեց անողոք հանգստությամբ.

— Դու տառապել, համբերել և սպասել ես այնքան, որքան պատշաճ է եղել, որքան հնարավոր է եղել, որքան կարող է տառապել, համբերել և սպասել մի ջահել, գեղեցիկ այրի կին, մինչև որ...

— Արա՛մ,— ճչաց Ֆլորան, վեր թռչելով տեղից։

— ...մինչև որ բախտի անիվը հանկարծ դարձել է և առջևդ բաց արել մի նոր կյանքի դուռ,— ըստ ամենայնի բախտավոր, բարեկեցիկ ու երջանիկ կյանքի, ինչպես տեսնում եմ այստեղ, քո շուրջը և քեզ վրա։ Խոստովանում եմ, ես երբեք չէի կարող այդպես զարդարել և շրջապատել քեղ այսպիսի շքեղությամբ, և դու...

— Լռի՛ր, Արամ, լռի՛ր, բավական է,— կանչեց կինը