Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծայրահեղ վրդովմունքի հանկարծական բռնկումով։— Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ վիրավորելու։ Ի՞նչ է նշանակում՝ ինձ ու ինձ վճռել եմ։ Ի՞նչ է նշանակում ջահել, գեղեցիկ այրի կին։ Ի՞նչ ես ուզում ասել դրանով։

— Ոչինչ ավելի, քան ինչ որ ասացի։

— Ես քո լեզուն չեմ հասկանում։ Նայիր ուղիղ աչքերիս և պարզ ասա, ի՞նչ ես ուզում հասկացնել այդ ակնարկներով։

Արամը հանկարծ շեշտակի նայեց նրա աչքերին, և նրա մինչ այդ հանգիստ դեմքը դաժան արտահայտություն ստացավ. ըստ երևույթին, այլևս չկարողացավ զսպել իր ամբողջ ներքինը տակնուվրա անող խանդի այն զգացումը, որ մինչև այժմ ամեն կերպ աշխատում էր ծածկել արտաքին հանգստության քողի տակ։

— Ահա նայում եմ ուղիղ աչքերիդ և պարզ ի պարզո ասում,— ասաց նա յուրաքանչյուր բառը շեշտելով,— դու շատ ես շտապել քեզ ազատ համարելու։

— Ինչպե՞ս։

— Որովհետև ես դեռ կայի, դեռ գոյություն ունեի, դեռ գետինը չէի անցել։

— Ես գիտեի՞ այդ։

— Իսկ դու գիտեի՞ր, որ չկամ։ Համոզվա՞ծ էիր։ Հաստատ ապացո՞ւյց ունեիր։

— Ցուցակը...

— Այո՛, անհետ կորածների, բայց ո՛չ սպանվածների։ Այդպես չէ՞։

Ֆլորան, հանկարծակիի եկած, առժամանակ մնաց կարկամած և ամենամեծ տարակուսանքով նայում էր նախկին ամուսնու սպանիչ աչքերին, որոնց մեջ կայծկլտում էր խանդի զգացումը։ Հետո նստեց, աչքերը ծածկեց և սկսեց լալ։

— Անխի՛ղճ, անաստվա՛ծ,— արտասանեց հեծկլտանքի միջից։— Նրա՞ համար էին իմ այնքան տարիների զրկանքներն ու տառապանքները քո պատճառով և քեզ համար, որ դու վերջը գաս և վիրավորե՞ս իմ զգացումները։ Ամբողջ օրեր եմ մթնացրել քո մասին մտածելով, ամբողջ գիշերներ եմ լուսացրել անքուն քեզ համար լալով, ամբողջ տարիներ ականջս ձենի է եղել, որ մի լուր առնեմ քո մասին, քրոջդ