Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված չէ

չունիմ նույնիսկ մատով շոշափելու քեզ ու չգիտեմ ինչ անվանեմ քեզ։ Եվ իմ դժբախտության ամբողջ ահռելիությունը երբե՛ք չեմ զգացել այնպես ուժգին, այնպես ցավագին, ինչպես զգում եմ այժմ, այստեղ, քեզ մոտ, քեզ տեսնելով։ Ու մինույն ժամանակ երբե՛ք այնպես ողորմելի, այնպես անզոր ու անկար չեմ զգացել ինձ, որպես դարձյալ այստեղ, այս օտար տան մեջ, ուր մտել եմ ես՝ չգիտեմ իբրև ի՛նչ- իբրև օտարակա՞ն, իբրև անկոչ հյո՞ւր, թե՞ իբրև մուրացկան։ Չէ՞ որ իմ այսքան տարվա տաժանակիր խաչակրությունից վերադառնում էի այն հավատով, թե քո գրկի մեջ պիտի թաղեմ ու մոռանամ իմ տեսած ու կրած բոլոր զարհուրանքները և պիտի ապրեմ նոր կյանքի երազներով, մինչդեռ այդ գիրկը ես փակ եմ գտնում ինձ համար։ Իմ միակ հույսը, իմ միակ ապավենը, իմ փրկության խարիսխը դու էիր, մինչդեռ քո մեջ ես գտնում եմ միայն իմ վերջնական կործանումը, իմ գերեզմանը...

Նա լռեց լացակումած և որպեսզի արտասվալից աչքերը ծածկի կնոջից, նորից խոնարհվեց ծնկան վրա։

— Ա՜խ, այս ինչ դրություն է, տե՜ր իմ աստված,— հառաչեց կինը ծայր աստիճան հուսահատությամբ և խղճահարությամբ։

— Այո, հասկանում եմ, քեզ համար էլ ծանր է,— մի քիչ հանգստանալուց հետո նորից խոսեց Արամը շտկվելով։— Բայց վնաս չունի, ես շուտով կգնամ, և դու... Բայց ներիր. ես պարտավոր եմ կծել շրթունքներս, որպեսզի նորից մի ավելորդ խոսք չթռցնեմ բերնիցս։ Դու մեղավոր չես։ Ես գիտեմ ո՛վ է մեղավոր կամ մեղավորները։ Նրանք նստած են այնտեղ, վերևը, գահերի և ոսկու տոպրակների վրա։ Նրանք են, որ աշխարհը խառնել են այսպես՝ իրարից մի բան թռցնելու համար։ Նրանք են, որ ինձ պես միլիոնավորների դժբախտության և արյան գնով ուզում են լցնել իրենց անկշտում որկորը։ Ահա թե ո՛ւմ օձիքից պետք է բռնել և հաշիվ պահանջել։ Հոգուս մեջ կրակ է բորբոքվում, և իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ ես, իբրև մի սոսկ անհատ, մի մոծակի չափ անգամ կարողություն չունեմ խայթելու նրանց։ Բայց այսպես երկար չի կարող շարունակվել, կգա մի ժամանակ, երբ...