Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հանկարծ լռեց և ականջները սրեց դեպի հարևան սենյակը: Այնտեղից լսվեց երեխայական մի ձայն, հետո մանրիկ ոտների մի վազք։ Նույն րոպեին դուռը բացվեց աղմուկով, և ներս վազեց մոտ 7—8 տարեկան մի տղա ինչ-որ արտասովոր ուրախությունից վառված աչքերով, մի թուղթ ձեռքին։

— Մամա՛,— կանչեց նա, մոտ վազելով նորատի կնոջը,— այսօր վկայականները բաժանեցին, ոչ մի 2 չունեմ, տե՛ս։

Ֆլորան շփոթված վեր կացավ, մեքենայաբար թուղթն առավ որդու ձեռքից և նայեց նախկին ամուսնուն մի վարանոտ ժպիտով։

— Սա... մեր Սուրիկն է,— ասաց։

Արամը արձանացել էր նստած տեղը և նայում էր որդուն լայն բացած աչքերով, գլուխն առաջ երկարած։ Ըստ երևույթին, չէր ուզում հավատալ, թե երեք տարեկան այն փոքրիկ, վտիտ մանուկը, որին պատերազմ գնալուց առաջ թողել էր մոր խնամքին, կարող էր այդ մի քանի տարվա ընթացքում այդքան հասակ առնել, հասունանալ և փարթամանալ։

Հոր պես բարձրահասակ, հոր պես թուխ, հոր պես սև ու խոշոր աչքերով, բայց, հակառակ հոր, ջլապինդ ու լեցուն մարմնով։ Սուրիկը կանգնած էր շինել հագած մի անծանոթ պարոնի առջև, նայում էր նրան մանկական անտարբերությամբ իբրև մի օտարականի, որի հետ ոչ մի գործ չունի։

Մայրը բռնեց երեխայի ձեռքից և մոտեցրեց Արամին.

— Սուրիկ ջան, սա այն հայրիկն է, որ պատերազմ էր գնացել. հիշո՞ւմ ես, քեզ որ պատմում էի։

— Այն հայրի՞կը,— հարցրեց երեխան առանց որևէ առանձին հետաքրքրություն ցույց տալու։

— Այո, այն հայրիկը, բալաս, և ոչ նոր հայրիկը,— ասաց Արամը մի տեսակ կծու շեշտով, և մի տարօրինակ ժպիտ ծամածռեց նրա դեմքը։

Նորատի կինը կծեց շրթունքը և մինչև ականջները կարմրեց։

— Բայց դուք սպանված չէի՞ք,— հարցրեց երեխան, այս