Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեց ուղղել շորերը,— միևնույն ժամանակ լուռ ու զայրագին հայացքներ ձգելով հոր կողմը։

Մայրը տեսավ այդ անհաշտ հայացքները և վախեցավ, որ նա կարող էր կոպիտ խոսքեր արտասանել հոր հասցեին, ինչպես անում էր երբեմն, երբ նրան չարացնում էին, ուստի արագ մոտեցավ նրան և ինչ-որ փսփսում էր նրա ականջին, երբ մի կարճ ու հատու հեծկլտոց լսեց։ Փշաքաղվեց և ետ նայեց նախկին ամուսնու կողմը:

Արամը նստած էր ծնկան վրա խոնարհված, թաշկինակը աչքերին սեղմած, և նրա ուսերն ու մեջքը ցնցվում էին զսպած հեկեկանքի ջղաձգումներով:

Նույն րոպեին հարևան սենյակից լսվեց ծծկեր երեխայի լացի և ապա տղամարդու ինքնավստահ և ինքնագոհ մի ձայն: Տղամարդը, ինչպես երևում էր, խոսում էր դայակի հետ։

— Վա՛յ, հայրի՛կն է,— բացականչեց Սուրիկը, և նրա դեմքը մի վայրկյանում պայծառացավ։— Տո՛ւր, մամա, վկայականս տանեմ ցույց տամ հայրիկին։

Մայրը վախեցած՝ աչք-ունքով արավ նրան, որ լռի, բայց երեխան ոչ հասկացավ մորը, ոչ էլ ուշադրություն դարձրեց, թե ինչ է ուզում հասկացնել նա, խլեց նրա ձեռքից վկայականը և դուրս վազեց։

Որդու ուրախական բացականչության վրա Արամը արագորեն շտկվեց, կարծես ծնկան վրա խոնարհված նրա իրանը մեկեն վեր նետեցին և նրա մի ակնթարթում ցամաքած աչքերը տարօրինակ փայլով հառած մնացին այն դռան վրա, որի հետևը ծածկվեց երեխան։ Այնուհետև նա հայացքը, նիզակի պես սուր ու ծանր, դանդաղորեն դարձրեց նորատի կնոջ վրա, մեքենայաբար որոնեց շինելի գրպանը, թաշկինակը պահեց, վերցրեց հատակի վրա ընկած փափախը, նեցուկն առավ թևի տակ և, մի հատիկ ոտի վրա ցատկոտելով, դիմեց դեպի այն դուռը, որտեղից աղախինը ներս էր հրավիրել նրան։

— Դու գնո՞ւմ ես,— կամաց և անհամարձակ հարցրեց նորատի կինը։

Ինվալիդը չպատասխանեց և դուրս գնաց։

------

Հետևյալ օրը կամրջի վրա, որի տակ հորդացած գետը կատաղի հորձանքով առաջ էր քշում իր գիրկն առած գարնանային ջրերը, մարդիկ գտան մի շինել և մի նեցուկ։

1920