Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆՆԵՐ
Իմ ընթերցողներին

Ես ստացա հետևյալ նամակը և նամակի հետ առանձին տետրակի մեջ մի գրություն, որը հրատարակության եմ տալիս ստորև։

-----

Ես ձեր «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոսն եմ— Պատրիկյանը։ Թեև իսկական ազգանունս Պատրիկյան չէ, բայց այդ միևնույն է. թող ձեզ և ընթերցողների համար Պատրիկյան էլ մնամ. իսկական ազգանունս հայտնելով չի փոխվելու էությունը, որի դեմ առարկելիք չունեմ։

«Նեղ օրերից մեկը» լույս տեսնելուց հետո անցել է մոտ երեսուն տարի, և դեռ չգիտեմ երբևիցե հետաքրքրվե՞լ եք իմանալու, թե հետագայում ինչ եղան, ինչ վիճակ ունեցան ձեր այդ պատմվածքի գլխավոր պերսոնաժները, այսինքն— ես, տանտերս, խմբագրության քարտուղարը և արքունական թատրոնների երգիչ Ջափինյանը կամ Ժապինովը, ինչպես անվանվում էր այն ժամանակ աֆիշների մեջ։ Եթե հետաքրքրվել եք և չեք իմացել, ես կարող եմ պատմել։

Կսկսեմ ինձնից։

Մի երկու լղարիկ գրքույկ հրատարակելուց հետո, որի վրա զուր տեղը ծախսել էի ուսուցչությանս ժամանակ խնայած կոպեկներս, ես մի անգամ առմիշտ թողի գրող լինելու մարմաջը, այրեցի հետագա բոլոր գրվածքներս և գալիցինյան ռեժիմից հետո, երբ վերստին բացվեցին մեր դպրոցները, նորից մտա ուսուցչական ասպարեզ։ Այն խոնավ ու մութ սենյակը, որի վարձը նեղ օրերիս հազիվ էի կարողանում վճարել, թողի և անցա նույն տան բակում ազատված երկու լուսավոր սենյակ, ամուսնացա, օրինավոր տուն ու տեղ դրի, չորս զավակներ ունեցա— երեք տղա, մի աղջիկ։ Տղաներիցս ամենամեծը թունդ բոլշևիկ դուրս եկավ և զոհվեց մայիսյան ապստամբության ժամանակ։ Նրանից փոքրը նույնպես բոլշևիկ-կոմունիստ