Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գույնով և ծանր կնճիռներով, որոնք ծալ-ծալ նստած էին աչքերի տակ և բերանի այս ու այն կողմը։ Իր այդ բրոնզյա դեմքով և մանավանդ աչքերի շատ սուր ու լուրջ հայացքով կորովի կամքի և համառ բնավորության տեր մարդու տպավորություն էր թողնում։ Չգիտեմ ինչու, երբ պատահում էր, որ չէի կարողանում սենյակիս վարձը ժամանակին վճարել և այդ բանի համար նա կամ ինքն էր իջնում ինձ մոտ, կամ ինձ էր կանչում իր մոտ, ես պարզապես վախենում էի նրա այդ դեմքից և հայացքից, չնայելով, որ երբեք դուրս չէր գալիս քաղաքավարության սահմանից, թեև խոսում էր խիստ ու կտրուկ։

Քաղաքում հայտնի էր իր սապոնի գործարանով։ Ուներ և մի քանի խոշոր տուն՝ խանութներով։ Տներից մեկը մի ամբողջ հյուրանոց էր։ Գործոն անդամ էր մի քանի խոշոր ակցիոներական ընկերությունների։ Մի այդպիսի ընկերություն էլ ինքն էր հիմնել՝ Բաքվում նավթաբեր հողերի պեղումներ կատարելու համար։

Իր հարստության և անվան շնորհիվ հասարակական բոլոր ընտրությունների ժամանակ առաջին թեկնածուներից մեկն էր և հարում էր կադետական կուսակցության։ Այսպիսով միաժամանակ քաղաքային դումայի իրավասու էր, համ բանկի դիրեկտոր, համ կլուբի ավագ, համ Բարեգործական ընկերության վարչության անդամ, համ դպրոցի հոգաբարձու, համ երեցփոխ, համ... չգիտեմ էլ ինչ։ Եվ զարմանալին այն էր, որ համարյա ամեն տեղ էլ հասնում էր իր տոկուն եռանդի շնորհիվ։

Այն տունը, ուր ապրում էր Դավիթ Ֆոմիչը, բաղկացած էր երկու հարկից և գտնվում էր քաղաքի ամենաբանուկ, վաճառաշահ փողոցում։ Ամբողջ վերին հարկը ծառաների սենյակներով, խոհանոցով, բաղնիքով, պահեստներով գտնվում էր տանտիրոջ ձեռքին, իսկ ներքին հարկը, փողոցում, մի շարք լայն ու բարձր խանութներ էին, որոնց վարձակալներն ապրում էին նույն տան ընդարձակ բակում. դրանք բոլորն էլ հարուստ վաճառականներ էին— մի ակնավաճառ, մի կոնդիտեր, մի օպտիկ, մի դեղավաճառ և ամենաընտիր մրգեր ծախող մի բախկալ։ Ամենախեղճ կենողներս այդ բակում ես էի, մի մանկաբարձուհի իր պառավ մոր հետ և բազմաթիվ