Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր անել։ Վախ կար, որ որդուն կարող էին զինվոր տանել և քշել դեպի սպանդանոց, բայց դեմը կարողացավ առնել. շտապեց որդուն յունկերական դպրոցը տալ և բանն այնպես սարքեց, որ նա մինչև պատերազմի վերջն էլ մնաց թիկունքում։ Իսկ ինքը, իբրև «անվանի հասարակական գործիչ», մի ինչ-որ կարևոր պաշտոնով մտավ Քաղաքների Միության մեջ և իրեն միայն հայտնի միջոցներով ձեռքերը լավ տաքացրեց։ Բայց երբ թուրքերը Սարիղամիշ-Արդահանի ճակատը ճեղքելով սպառնում էին բռնել Թիֆլիսի ճանապարհը, Դավիթ Ֆոմիչն առաջիններից մեկն էր, որ Նիկոլայ II-ի հետևից իր ընտանիքով փախավ դեպի հյուսիս, որտեղից վերադարձավ այն ժամանակ միայն, երբ թուրքերը ետ շպրտվեցին դեպի Էրզրում, և Կովկասյան ճակատը միանգամայն ապահովվեց։

Թուրքերի պարտությունը այնքան էր ոգևորել Դավիթ Ֆոմիչին, որ նա սկսեց եռանդուն մասնակցություն ցույց տալ հայկական կամավորական խմբեր կազմակերպելուն և «Մի հայ — մի ոսկի» ֆոնդի հանգանակության գործին։ Եվ երբ հայերին միանգամայն հիմարացնելու համար Անդրանիկին գեներալ-մայորի աստիճան շնորհվեց, Դավիթ Ֆոմիչը մի փառավոր ընթրիք պատրաստեց իր տանը նրա պատվին։

Կովկասյան ճակատում ռուսական բանակի իրար հետ և տարած հաղթություններն առհասարակ Դավիթ Ֆոմիչը վերագրում էր հայ կամավորական խմբերին, բռնվել էր թունդ ազգասիրությամբ և ման էր գալիս այնպես ուռած-փքված, որ ամեն անգամ, քանի նայում էի նրան, միտս էին գալիս Կռիլովի վարից վերադարձող եզան պոզին նստած ճանճի պարծենկոտ խոսքերը՝ «Մենք էլ վարեցինք»։

Այնուհետև եկավ փետրվարյան հեղափոխությունը և թեև մի քիչ սառը ջուր մաղեց նրա գլխին, բայց և այնպես մի մազ անգամ չպակասեցրեց Դավիթ Ֆոմիչի գլխից։ Այն ժամանակ, երբ մենք սիմինդրի կամ կորեկի հաց անգամ հազիվ էինք ձեռք գցում, Դավիթ Ֆոմիչի ընտանիքը ֆրանսիական բուլկիներ էր անուշ անում։

Բայց ահա լսվեց Հոկտեմբերի ահազանգը Պետրոգրադից, Դավիթ Ֆոմիչն առաջին անգամ բնազդական սարսուռ զգաց ահարկու գալիքի հանդեպ։ Այդ գալիքի նախադուռը