Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիսացավ կովկասյան ճակատի մերկացումը և թուրքերի առաջխաղացումը։ Դավիթ Ֆոմիչը ահ ու սարսափով բռնված՝ իր ընտանիքի հետ նորից փախավ Հյուսիսային Կովկաս: Այնտեղից վերադարձավ այն ժամանակ, երբ անգլիացիները քշել էին թուրքերին ու գերմանացիներին, պինդ նստել Անդրկովկասում իրենց անվարտիք շոտլանդացիներով, հնդկական խուրմայով և ահագին ջորիներով, և զբաղվում էին «բաժանիր, որ տիրես» քաղաքականությամբ։ Անգլիացիների տիրապետության ժամանակ էլ Դավիթ Ֆոմիչը վատ չէր զգում իրեն։ Նույնիսկ բարեկամացել էր նրանցից մի քանի բարձրաստիճան զինվորականների հետ, որոնց շուտ-շուտ հյուրասիրում էր իր տանը։

Կար մի մոմենտ, որ նա հույս ուներ, թե շուտով կհրավիրվի դաշնակցական Հայաստան՝ ֆինանսների մինիստրի պաշտոնով, երբ զարմանքով իմացավ, որ Հոկտեմբերը հյուսիսից գալով՝ եկել նստել է Բաքու։ Հետո լուր եկավ, թե նա Երևանումն է և շուտով գալու է Թիֆլիս։ Եվ այս բոլորը կատարվեց այնքան անսպասելի կերպով և այնպիսի գլխապտույտ արագությամբ, որ Դավիթ Ֆոմիչը ժամանակ չունեցավ իր ի՛նչ անելիքը որոշելու։ Կարողացավ միայն կնոջը, աղջկան և տղային անգլիացիների հետ ճամփել արտասահման, իսկ ինքը մնաց, որպեսզի կարգադրի իր գործերը և հարմար րոպեին ծլկի նրանց հետևից։

Այդ հարմար րոպեն պետք է լիներ բոլշևիկների Թիֆլիս մտնելու նախորդ օրը: Ինչպես հետո ինքը Դավիթ Ֆոմիչն էր պատմում ինձ, իր բարեկամ անգլիացիներից մեկը, որ մնացել էր իբրև մենշևիկների խորհրդատու, խոստացել էր այդ օրը վերցնելու նրան իր հետ, բայց խուճապի մատնված կամ մոռացել էր նրան, կամ ժամանակ չէր ունեցել նրան իմաց տալու և մենշևիկների հետ փախել էր խոստացած օրվանից երկու օր առաջ, որովհետև նրա հաշիվները բոլշևիկների Թիֆլիս մտնելու օրվա մասին սխալ էին դուրս եկել:

Այսպիսով Դավիթ Ֆոմիչը, հույսը անգլիացու վրա դրած, գիշերը հանգիստ քնելուց հետո, փետրվարյան մի ցուրտ առավոտ վեր կացավ տեսավ Հոկտեմբերն արդեն եկել նստել է Թիֆլիսում, և ոչ անգլիացի կա, ոչ՝ մենշևիկ։ Այժմ նա