Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր երևում, ոչ գիշերը։ Ո՛րտեղ էր լինում, ի՛նչ էր անում— հայտնի չէ։ Միայն մի առավոտ տեսնեմ եկել փսփսում է իր նախկին հավաբնում։ Իմ հարցին, թե ի՞նչ է անում այնտեղ Դավիթ Ֆոմիչը, դռնապան Պողոսը ծիծաղելով պատասխանեց.

— Ի՞նչ պրտի անի, տեղավորում ա իր հափուռ-չփուռը։ Ասած ա՝ կկակղի— կուտի։

Այժմ նա, ինչպես ասում են, մի անգամից կոտրվել էր, ծերացել, մեջքից կորացել։ Սանձն արդեն շատ էին պինդ քաշել, և նա այլևս չէր կարողանում առաջվա պես գլուխը բարձր պահել։ Դեղնավուն դեմքը հետզհետե սևանում էր, միշտ մաքուր սափրած երեսը ծածկվում էր սևը սպիտակի հետ խառն մազի փշերով, առաջվա միշտ անբիծ, միշտ արդուկած հագուստը ճմրթվում էր, ծալծլվում և ծածկվում վրան թափված կերակրի փոշակալ բծերով, գեղեցիկ շապոյին հրաժեշտ էր տվել և շատ հասարակ գդակ էր դնում գլխին։

Երբեմն գիշերները նրա պատուհանի մոտով անցնելիս տեսնում էի նրան սեղանի մոտ ակնոցը քթին ինչ-որ գրելիս։ Երևի նամակներ էր գրում արտասահման իր ընտանիքին, Իսկ շատ հաճախ նրան տեսնում էի հասարակաց այգու մի խուլ անկյունում իր պես խունացած նախկին մարդկանց հետ նստած խաղաղ զրույց անելիս։ Այգու այդ անկյունը նրանց հավաքատեղին էր, ուր նրանք ամեն օր միևնույն ժամերին գալիս նստում էին միշտ միևնույն նստարանների վրա իրար դիմաց՝ խոսելու անցած֊գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին։ Նրանց մեջ կային մի նախկին գեներալ իր երբեմնի կարմրաստառ շինելով՝ առանց ուսադիրների, մի գնդապետ քաղաքացիական էժանագին վերարկուով, մի չինովնիկ իր չինովնիկական հնամյա գլխարկով առանց կոկարդի, որի տեղը մի ծակ էր և ծակի շուրջը մի սպիտակ շրջան խունացած մահուդի կապույտ ֆոնի վրա։ Այնուհետև այդ անտիկների շրջանը կազմում էին նախկին առևտրական խոշոր տան մի ներկայացուցիչ, մի նոտարիուս, մի դատավոր, բորսային մի մակլեր և նույնիսկ երբեմն-երբեմն էլ նախկին հարուստ ծխերի տեր մի տերտեր, որ ֆարաջան հանել՝ վերարկու էր հագել, բայց