Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ովքե՞ր են այդ «ավազակները»։

Նրա ձայնի մեջ զսպված վրդովմունքի և սպառնալից մարտակոչի շեշտեր զրնգացին։

Դավիթ Ֆոմիչը հոնքերի տակից մի սաստող հայացք ձգեց նրա վրա և ասաց հանգիստ ձայնով.

— Քեզ հետ չեն խոսում. դու դեռ երեխա ես։

Տղաս տեղնուտեղը կրակ կտրեց մեկեն։ Ես մինչև անգամ վախեցա, թե կարող է խփել ծերունուն։

— Ո՛չ, ի՛նձ հետ խոսեցեք, ի՛նձ հետ,— աղաղակեց նա իր պատանեկան ձայնի զիլ հնչյուններով։— Նստել հորս հետ եք խոսում, որը քիչ է մնում համաձայնի ձեզ հետ։ Ի՛նձ հետ, մե՛զ հետ խոսեցեք, մեզ հետ, որովհետև մե՛նք ենք, մե՛նք, ձեր կարծած երեխաներս ենք, որ հաշիվ ենք պահանջում ձեզնից, և մե՛նք ենք, որ պատժում ենք ձեզ ու պիտի շարունակենք պատժել այնքան, մինչև որ միանգամայն սրբենք ձեր սերունդն ու դասակարգը երկրի երեսից։ Ավազակներ ասում եք։ Ձեզնից ավելի մե՞ծ ավազակներ, որ դարեր շարունակ քամում, ծծում էիք բանվորների արյուն-քրտինքի վաստակը, ձեզ համար պալատներ շինում, շռայլ ու ցոփ կյանք վարում և անպետք ու անառակ մի սերունդ արտադրում, որ շարունակի ձեր գարշելի գործը։

Մի կողմից ես, մյուս կողմից կինս, որ ներս էր վազել նրա աղաղակների վրա, իզուր աշխատում էինք նրան հանգստացնել և դուրս տանել. նա թևերով դես-դեն էր հրում մեզ և, զայրույթից ու վրդովմունքից ծայր աստիճան տաքացած, շարունակում էր իր ֆիլիպիկները կոմերիտական անվախ խիզախությամբ ծանր մուրճի հարվածների պես թրխկացնել բուրժուազիայի գլխին՝ հանձին Դավիթ Ֆոմիչի։

Վերջապես կնոջս մի կերպ հաջողվեց համարյա զոռով նրա թևից բռնած՝ քարշ տալով տանել նրան մյուս սենյակը և դուռը փակել։

Ես նայեցի Դավիթ Ֆոմիչին։ Աչքերը, անմիտ բացած, հառել էր դեմքիս. գլուխը երերվում էր սաստիկ, մարմինը վեր ու վեր էր ցնցվում և հանկարծ ցած ընկնում, քարանում: Ծանր լռության մեջ մի քանի րոպե այդպես մնալուց հետո ուզեց վեր կենալ, չկարողացավ մի անգամից, հետո երկու ձեռքով հենվեց սեղանին, ծանրացած մարմինը հազիվ վեր