Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկացրեց, ուզում էր ասել՝ «բոլշևիկների ջգրու, բոլշևիկների ջգրու»։

Ինչո՞ւ էր կարծում, թե տերտերով որ թաղվի, բոլշևիկներից հանած կլինի իր ջիգրը, այդ էլ իր գաղտնիքը մնաց։

Այդ առաջին այցելությունից հետո չտեսա Դավիթ Ֆոմիչին: Թե քանի՛ օր ապրեց, ե՛րբ մեռավ, ի՛նչպես և ո՛րտեղ թաղվեց— ոչ ոք չիմացավ։

Միայն մի օր ինչ-որ ժառանգներ հայտնվեցին,— երևի այն աղքատ ազգականները, որոնց Դավիթ Ֆոմիչը չէր կարողացել կամ, ավելի շուտ, չէր կամեցել բաժան-բաժան անել իր բնակարանի կահավորանքը,— եկան բաց անել տվին նրա սենյակի կնքած դուռը և ունեցած-չունեցածը տարան։ Այդ ունեցած-չունեցածի մեջ էր և մի ահագին սնդուկ, մեջը արտասահմանից բերած ամենաընտիր կոստյումներ, որոնցից մի քանիսը դեռ ամենևին չէր էլ հագել:

Ո՛րքան ճիշտ է, չգիտեմ, միայն ասում էին և պնդում, թե այդ միևնույն սնդուկի մի առանձին ծածուկ անկյունում գտնվել էին կլորիկ ոսկիներ — տասնոցներ:

Ենթադրվում է, որ այդ «Մի հայ — մի ոսկի» ֆոնդի «ավելցուկը» պիտի լիներ, որ Դավիթ Ֆոմիչը պահել էր «սև օրվա» համար:

Այսպես ապրեց և այսպես մեռավ մեկը հին աշխարհի այն վերջին մոհիկաններից, որոնք, նոր կյանքի ասպարեզից դուրս նետված, ամեն օր միևնույն ժամերին հավաքվում էին հասարակաց այգու խուլ անկյունում՝ խոսելու անցած-գնացած օրերի և գուշակություններ անելու եկած ու գալիք օրերի մասին։

1930