Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պ. Սուրեն... Արևելյան...— ցիլինդրավոր մարդը կանգնեց և ետ նայեց։ Մինչդեռ նա հետաքրքրությամբ նայում էր Գ. Զաքարյանին, սա թողեց կնոջն և մոտենալով նրան հարցրեց յուր մշտական ժպիտով.

— Ինձ չե՞ս ճանաչում, Սուրեն...

Ցիլինդրավոր մարդն ավելի խոր նայեց:

— Ներեցեք. ես ձեզ չեմ կարողանում հիշել,— ասաց նա մի տեսակ լուրջ ձայնով:

— Էէ՜, Սուրեն, այդպես շուտ չեն մոռանում վաղեմի ընկերոջն և բարեկամին,— ասաց Գ. Զաքարյանը նախատական եղանակով. բայց տեսնելով, որ ցիլինդրավոր մարդը դարձյալ զարմացմամբ և խոր նայում է իրեն, ավելացրեց շտապով։— Ես Գարասիմն եմ, եղբայր։

— Ա՜, Գարասիմ... իսկապես որ այդ դու ես,— ասաց Սուրեն Արևելյանը (մենք այսուհետև ցիլինդրավոր մարդուն այդպես կանվանենք) ավելի սառ եղանակով, քան այդ բառերը պիտի արտասանվեին, և մեկնեց դեպի նա յուր ձեռքը։

— Ներիր, որ ես քեզ չկարողացա ճանաչել։

— Մի՞թե ես այնքան փոխվել եմ,— կանչեց Գ. Զաքարյանը ուրախ քրքջալով և ամուր սեղմելով նրա ձեռքը:

— Բայց այս ո՞ւր ես դու այսքան ժամանակ, ի՞նչ ես անում, ո՞րտեղ ես թափառում, քանի ժամանակ է ինչ մենք չենք տեսել միմյանց...

— Ես ճանապարհորդում էի,— պատասխան եղավ նրա անվերջ հարցերին։

— Ա՜, հասկանում եմ, հասկանում եմ...— խոսքը ձգեց Գ. Զաքարյանը գլուխը թափ տալով։— Այո՛, դու իրագործում ես պատանեկան ցնորքներդ... հասկանում եմ... Հիշո՞ւմ ես, որ դու քո ուսանող ժամանակը միշտ ասում Էիր ինձ. «Գարասիմ, ես որ հասակս առնեմ, անպատճառ պիտի ճանապարհորդեմ, և, եթե հնար լինի,— ավելացնում էիր դու,— ես իմ ողջ կյանքը ճանապարհորդությանը կնվիրեմ»: Հիշո՞ւմ ես։

— Այո։ Եվ ես, տեսնում ես, սուտ չէի ասում։

— Ես վաղուց եմ ճանաչում քո հաստատ բնավորությունը,— գիմնազիոնում եղած ժամանակից ի վեր... Բայց դեռ մի ե՛կ քեզ ծանոթացնեմ կնոջս և որդուս հետ... Չէ՞ որ