Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես արդեն ամուսին և հայր եմ, և երջանիկ ավելի, քան դու այդ կարող ես կարծել։

Եվ Գ. Զաքարյանը բոթելով Արևելյանի թևից, գրեթե քարշ տվեց նրան դեպի կինն ու որդին, որոնք մինչ այդ ժամանակ հետաքրքրությամբ նայում էին իրենց բոլորովին անծանոթ պարոնին։

— Լի՛զա,— դարձավ Գ. Զաքարյանը կնոջը,— ներկայացնում եմ քեզ իմ վաղեմի ամենալավ և ամենասիրելի ընկերոջս ու բարեկամիս.— Սուրեն Արևելյան։

— Պատիվ ունիմ, տիկին,— ասաց Սուրեն Արևելյանը պատվաբար գլուխ տալով Եղիսաբեթին։

— Շատ ուրախ եմ ծանոթանալու ամուսնուս բարեկամի հետ,— ասաց յուր կողմից Եղիսաբեթը, նույնպես գլուխ տալով նրան։

— Այս էլ որդիս, Տիգրանիկը,— ներկայացրեց Գ. Զաքարյանը։

Սուրեն Արևելյանն այս անգամ ժպտալով սեղմեց Տիգրանիկի ձեռքը։

— Գեղեցիկ որդի ունեք,— ասաց նա։

— Ուսանո՞ւմ է արդյոք։

— Օ՜, ինչպես չէ,— կանչեց Գ. Զաքարյանը,— բավական վարժ կարդում է թե՛ հայերեն և թե՛ ռուսերեն։

— Այդ լավ է, բայց խելո՞ք է։

— Այդ հարցին թող ինքը պատասխանի։

— Իհարկե, խելոք եմ, պարոն,— ասաց Տիգրանիկը, նայելով Սուրեն Արևելյանին։— Ես ոչ մի ժամանակ չարություն չեմ արել, կամենում եք մայրիկից հարցրեք։ Գուցե շատ փոքրիկ ժամանակս ես չարություն եմ արել,— ավելացրեց նա,— բայց այժմ՝ ոչ, որովհետև ես այժմ մեծ եմ և հասկանում եմ, որ չարություն անելը վատ է, մայրիկս այդ բացատրել է։

Հայր և մայր ուրախ ծիծաղեցան, իսկ Սուրեն Արևելյանը միայն նշանավոր կերպով ժպտաց և ասաց.

— Ապրեք. ես տեսնում եմ, որ դուք խելոք եք և լսել եք ձեր մայրիկի բացատրությունը. այդպես պետք է լինել միշտ։

— Հը՜, ինչպե՞ս է,— ինքնագոհ եղանակով կանչեց Գ. Զաքարյանը, անթարթ նայելով Սուրեն Արևելյանին։