Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո՛, երեխան բավականին սրամիտ է,— պատասխանեց վերջինս։

— Եվ ո՞վ գիտե, դու մինչև այժմս ամուրի ես։

— Այո։

— Իզուր, իզուր,— ասաց Գ. Զաքարյանը փորձված մարդու նման։— Եթե միայն դու գիտենաս, թե որքա՞ն քաղցր է սիրող կին և զավակ ունենալը, դու այդպես անտարբեր չես գտնվի դեպի ամուսնությունը, հավատացիր։

— Ամեն մեկն յուր համոզմունքն ունի,— պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը։

— Ինչ և իցի... Գնանք, Սուրեն, այսօր դու մեր տանը պիտի ճաշես։

— Ես շնորհակալ եմ, Գարասիմ...

— Երկար խոսել հարկավոր չէ, անպատճառ հո չպիտի խնդրեմ... Վերջապես, եղբայր, ամբողջ տասը տարի չենք տեսնվել. մի՞թե դու չես կամենում, որ այս մի օրը, երբ հազիվ գտել ենք միմյանց, միասին անցնենք... Գնանք, գնանք։ Կինս էլ բավական ուրախ կլինի քո ներկայության համար։

— Այո, պարոն Սուրեն Արևելյան, ես շատ ուրախ կլինեի, եթե դուք այսօր բարեհաճեիք պատիվ բերելու մեր տուն։ Ես խնդրում եմ,— ասաց Եղիսաբեթը։

— Երբ դուք այդ ցանկանում եք, տիկին, այդ մեծ պատիվ է ինձ համար,— ասաց յուր կողմից Սուրեն Արևեlյանը լուրջ ձայնով։— Մի քանի ժամ ձեր ընկերության մեջ անցկացնել ինձ համար քաղցր կլինի։

— Այդպես, է՜լի, հե՜ր օրհնած,— կանչեց ուրախ Գ. Զաքարյանը։— Ես քեզ այլևս չեմ թողնի ճանապարհորդելու, դու մեզ մոտ կմնաս այսուհետև... դե՛հ, հառաջ։

Եվ նրանք խոսելով ուղևորվեցան դեպի տուն։

Սակայն նախ ծանոթանանք Սուրեն Արևելյանի հետ։

Իսկապես ո՞վ էր Սուրեն Արևելյանը, ի՞նչ պաշտոնի տեր և ո՞րտեղացի էր— այդ և դրա նման հարցերին ինքը Գ. Զաքարյանն էլ, որ իրեն համարում էր նրա դասակից և ամենասիրելի ընկեր ու բարեկամ, հազիվ թե կարողանար մի որոշ պատասխան տալ։ Այսքանս միայն նա կարող էր ասել և երդվել, որ նրա պես ազնիվ, համբերող, անձնվեր և մինչև վերին աստիճանի համառության հասցրած հաստատ