Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա դարձավ դեպի Արևելյանը,— դու չգիտե՞ս, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում, ես դրա համար առանձին ուսուցչուհի էի վարձել և այժմ տեսնես թե ո՛րքան սքանչելի նա երգում ու նվագում է...

— Հա՜, հա՜, հա՜...— սկսեց ծիծաղել Եղիսաբեթը, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը։— Այդպես ինձ երկինքը մի բարձրացնիր, հանկարծ վայր կձգես...

— Ես հո սուտ չեմ ասում...

— Ես շատ կցանկանայի, տիկին, որ ձեր ամուսնու ասածները բոլորը ճիշտ լինեին,— ասաց Սուրեն Արևելյանը յուր մշտական լուրջ ձայնով։— Խնդրեմ, եթե ձեզ այդ նեղություն չէր լինիլ, ինձ համար մի բան նվագեիք։

— Երբ դուք այդ ցանկանում եք, պարոն Սուրեն Արևելյան, ես մեծավ ուրախությամբ,— ասաց Եղիսաբեթը մի փոքր կարմրելով, նստեց դաշնամուրի առաջ և սկսեց թերթել ձայնագրատետրը։

— Դու չես կարող երևակայել, Սուրեն, թե որպես ես սիրում եմ այդ երաժշտությունը,— ասաց Գարասիմ Զաքարյանը:— Բայց ցավալին այն է, որ ես ոչ մի գործիքի վրա ածել չգիտեմ, թեպետ շատ եմ փորձել սովորելու, բայց չի հաջողվել... Այդպիսի գործերի մեջ առհասարակ ես բոլորովին անընդունակ եմ, հա՜, հա՜, հա՜...

Այդ միջոցին Եղիսաբեթը արդեն պատրաստվեցավ նվագելու։ Նա սկսեց նվագել ու երգել մի սիրային պիես, որ բավականին ձայնագրված էր քաղցր և ազդող եղանակով, ինչպես լինում են առհասարակ սիրային մեղեդիները։ Եղիսաբեթի ձայնը, եթե ոչ հիանալի, բայց կարելի էր ասել քաղցր էր, բայց ոչ բոլորովին կանոնավորված։ Նա իսկապես նմանում էր երգչուհու, որը նստած բեմի վերա հարյուրավոր հանդիսատեսների ու կրիտիկոսների առաջ, երգում է, աշխատելով յուր քաղցր ձայնով և ձայնի զարմանալի ելևէջներով թափանցել մինչև բոլորի սրտի խորերն և միևնույն ժամանակ, զգույշ լինելով, թե մի գուցե մի որևիցե սխալմունքով ձայնի կամ եղանակի մեջ ձգի յուր փառքը բոլոր հանդիսատեսների առաջ։ Գ. Զաքարյանր մեծ հիացմունքով նայում էր Սուրեն Արևելյանին և կարծես ասում էր.

— «Ինչպե՞ս է — երջանի՞կ եմ, թե ոչ...»: