Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ, այդ բարի, խոհուն աչքերը, դեմքի այդ համեստ ու ազնիվ գծագրությունն երբեք չեն կարող պատկանել դաժան մարդուն... Վերջապես ձայնը, մի՞թե դաժան մարդն այդպիսի գրավիչ ձայն կունենա... Ոչ. երբե՛ք այդ մարդը դաժան չէ, այլ... մի օտարոտի, անբացատրելի մարդ։

Սակայն, ինչ էլ որ լիներ, բայց տիկինը չէր կարող նրան անտարբեր աչքով նայել. ո՜րքան դուր էին գալիս նրան նրա մեծ, խոհուն աչքերը, անուշ ձայնը, զգաստ ջարժումները և մշտական լրջությունը. ո՜րպես նա ցանկանում էր ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, միշտ և միայն նրան տեսնել, նրա հետ խոսել, նրա մոտ նստած նվագել ու երգել...

«Բայց ինչո՛ւ»,— հանկարծ հարցնում էր նա ինքն իրեն։— «Մի՞թե ես նրան... սիրում եմ»...

Այդ վերջին խոսքերի վրա նա ամբողջ մարմնով դողում էր և իսկույն երկյուղով նայում էր յուր շուրջը ոճրագործի նման, կարծելով թե մեկը նրան գաղտնի լրտեսում է, թեպետև նա այդ բառերը բոլորովին շշնջալով և մենակ ժամանակն էր արտասանում։ «Այո՜, այս զգացմունքն ուրիշ ոչինչ չի կարող կոչվել, եթե ոչ միայն սեր», պատասխանում էր անբախտ կինն ինքն յուր խոսքերին, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր, որովհետև նա հասկանում էր, թե որքան վտանգավոր է այդ զգացմունքն յուր նման մի կնոջ համար, որն արդեն ամուսնացած և զավակի տեր է։— «Օ՜, ինչո՞ւ ես չեմ կարողանում ընկճել այդ զգացմունքը, որը քանի գնում, այնքան սաստկանում է,— շարունակում էր նա խոսել ինքն իրեն հետ։— Ինչո՞ւ դրա հետ կռվելիս ես զգում եմ, որ իմ ուժերս հետզհետե թուլանում են, և ես, բոլորովին հաղթված, վերջապես անձնատուր եմ լինում դրան, որը նոր ուժերով սկսում է ավելի ու ավելի կրծել իմ սիրտս... ինչո՞ւ այդ զգացմունքն այնպես հեշտ և շուտ կարողացավ հալածել իմ սրտիցս ուրիշ երկու զգացմունքներ — ամուսնական և մայրական սերը,— որոնց ես այսքան տարի ամենայն անձնվիրությամբ փայփայել ու գուրգուրել եմ և որոնց ես — անմիտս, կարծում էի, թե ոչինչ աշխարհիս մեջ չի կարող դուրս կորզել իմ սրտիցս... Ա՜խ, եթե միայն մի րոպե, մի վայրկյան ես կարողանայի սրտիս վերա իշխել և մոռանալ նրան, որպե՜ս ես ջերմագին կգրկեի