Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուք արդեն հեռանո՞ւմ եք այստեղից,— շուտ և նկատելի անհանգիստ ձայնով հարցրեց նա։

— Այո։

— Բայց ե՞րբ...

— Շատ կարելի է, մի կամ երկու օրից հետո։

Մանկահասակ կնոջ դեմքը բոլորովին փոխվեցավ։ Նա մտքովն անգամ չէր անցկացրել, որ Սուրեն Արևելյանն այդպես շուտ կարող էր հեռանալ... նա վախեցավ, որ չլինի թե իրեն մատնի, բայց նրա բախտից Սուրեն Արևելյանն երբեք նրան չէր նայում։ Նա արդեն նստել էր հանդարտ բազկաթոռի մեջ և նայում էր դեպի դուրս, որտեղից թռչունների ուրախ ճռվողյունը ներս էր թափանցում սենյակը, ուր մի րոպե լռություն էր տիրել։

— Բայց ինչո՞ւ այդպես շուտ եք հեռանում այստեղից,— վերջապես հարցրեց Եղիսաբեթը, աշխատելով որքան կարելի է ձայնին լուրջ եղանակ տալ, որի մեջ, այսուամենայնիվ, մի փոքր դող էր լսվում։

— Շուտ չէ, տիկին. դեռ իմ հաշվով ես ուշացել եմ։

— Բայց մի՞թե կարելի է Ասիայում ճանապարհորդել, պ. Սուրեն Արևելյան... Հազար ու մի վայրի ցեղեր են թափառում այնտեղ, և մարդ ամեն մի քայլափոխում կարող է վտանգի ենթարկվել նրանց ձեռքից...

— Այդ ինձ համար նշանակություն չունի, տիկին։ Ինչպես ամեն մարդ, նույնպես և ես, վաղ թե ուշ, բայց մի անգամ պիտի մեռնեմ, իսկ այստեղ, թե վայրենի ցեղերի մեջ— այդ ինձ համար միևնույն է։ Իմ սերս դեպի ճանապարհորդությունն այնքան մեծ է, որ ոչ մի վտանգ նրա դեմն առնել կարող չէ։

Այդ բոլորովին անտարբերությամբ արտասանած խոսքերն այն աստիճան ազդեցին տիկնոջ սրտի և ուղեղի վերա, որ ակամայից նրա աչքերի առջև ներկայացավ, թե ինչպես վայրենի ցեղերը պատառոտում են այդ մարդուն, որի հետ այնքան սերտ կապով կապված էր նրա սիրտը։ Նա սոսկաց ակամայից և մի քայլ առաջ գնաց դեպի նա, որպես թե կամենալով ազատել նրան վայրենի ցեղերի ճիրաններից... Նա պատրաստ էր ընկնել նրա վզովը, ամուր սեղմել նրան յուր կրծքին և բացականչել.— «Ո՛չ, դո՜ւ երբեք չես գնալ այնտեղ,