Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես քեզ չե՛մ թողնիլ»... Բայց նա շուտով կարողացավ իրեն զսպել, շուռ եկավ և, գրեթե օրորվելով գնալով դեպի դաշնամուրը, նստեց նրա մոտ աթոռի վերա։ Նա վերցրեց ձայնագրատետրը և մեքենայաբար սկսեց թերթել այն, մինչև որ կհանդարտվեր։ Երբ բոլորովին հանդարտվեց, ձայնագրատետրը դրեց յուր տեղն և հարցրեց ճնշված ձայնով.

— Սակայն մի՞թե իսկապես դուք չունեք ո՛չ մի բարեկամ, ո՛չ մի... սիրող սիրտ, որի համար դուք զոհեիք, թողնեիք ընդմիշտ այդ մտադրությունը...

Սուրեն Արևելյանը վայրկենապես միայն նայեցավ ուղղակի նրա աչքերին և պատասխանեց սովորական կերպով.

— Ոչ։

Սենյակում տիրեց լռություն։ Եթե այդ ժամանակ Սուրեն Արևելյանը նայեր մանկահասակ կնոջը, նա իսկույն կնկատեր, որ նրա մեջ մի ինչ֊որ սոսկալի կռիվ է կատարվում։ Նրա սիրտն այնպես արագ էր բաբախում, որ կարծես ուզում էր դուրս պրծնել բերանից, նրա լայն բացված աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ խիստ ցանկություն, բայց միևնույն ժամանակ անվճռականություն ու երկյուղ, իսկ շրթունքները, որոնք, կարծես, մի բան էին ուզում ասել, նկատելի կերպով դողում էին... Հանկարծ նա դեմքը ծածկեց ձեռքերով և սանձահար հեկեկանքը սկսեց խեղդել նրա կոկորդը։

Սուրեն Արևելյանը, որ մինչև այդ ժամանակ նայում էր դեպի դուրս, հանկարծ դեմքը դեպի նա դարձրեց և, ըստ երևույթին, բոլորովին չզարմացավ։ Նա նույնչափ հանդարտ վեր կացավ տեղից և մոտենալով մանկահասակ կնոջը, հարցրեց յուր սովորական լուրջ ձայնով.

— Տիկին, ի՞նչ է պատահել ձեզ։

Մանկահասակ կինը ավելի սկսեց հեկեկալ, ինչպես մի երեխա, երբ սկսում ես գուրգուրել նրան զանազան սրտացավական քաղցր խոսքերով։

— Մի՞թե այսքան ժամանակ դուք ինձ չհասկացաք...— հազիվհազ կարողացավ նա արտասանել խեղդող արցունքի միջից, սակայն դեմքը դարձյալ ծածկած ունենալով։

Սուրեն Արևելյանի դեմքը մի փոքր այլայլվեց։ Մի րոպե նա անշարժ տեղնուտեղը մանկահասակ կնոջն անթարթ նայելիս վերջապես ձեռքն անցրեց յուր խիտ մազերի միջով և,