Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քայլերով մոտեցավ մանկահասակ կնոջն և ասաց մեղմացած ձայնով.

— Հանդարտվեցեք, տիկին. ձեր աչքերից արցունք չպիտի թափվի (մանկահասակ կինն այդ խոսքերի վերա սանձահարեց արցունքն ու շունչն իրեն քաշեց)։ Ես ի սրտե ցավում եմ ձեզ վերա,— շարունակեց նա։— Ես չեմ մեղադրում ձեզ, որ դուք ույժ չունեք, որ դուք թույլ եք... դուք դրանում այնքան մեղավոր չեք... Մեղավոր է բնությունը, դեպքը, հանգամանքը... Բայց և այնպես, ես ասում եմ շեշտելով, այդ երբեք չպիտի լինի։ Եթե դուք ցանկանում եք լինել երջանիկ, դուք ամեն կերպ պիտի աշխատեք կռվել ձեր մեջ այժմ գործող զգացմունքի դեմ. կռվել անդադար, մինչև որ, վերջ ի վերջո, հաջողվի ձեզ նրան հաղթել. և այդ ձեզ անպատճառ կհաջողվի, եթե միայն դուք ունենաք հաստատակամություն: Ինչ տեղ կա հաստատակամություն, այնտեղ ոչինչ խոչընդոտ չի կարող լինել։

— Ես չեմ կարող...

— Տիկին, խորհեցեք լավ։ Դուք ամուսին և մայր եք, մայր մի գեղեցիկ, սքանչելի երեխայի։ Տիգրանի՜կը... նա մի այնպիսի երեխա է, որի երջանկության համար ամեն բան պիտի զոհեք... Եթե չեք խղճում ձեզ. եթե չեք խղճում ձեր բարի ամուսնուն, գոնե պիտի խղճաք այդ անմեղ երեխային, որի երջանկությունն ավելի ձեր սիրո մեջ է կայանում։ Մի՛ խլեք այդ երջանկությունը նրանից և ուրիշին մի նվիրեք։ Նա մեղք է։ Աշխատեցեք, որ ձեր սիրտը միայն ձեր ամուսնու և նրա համար բաբախի և ոչ մի այլի համար, այդ պե՛տք է, այդ անհրաժեշտ է։

— Դուք ինձ չե՛ք սիրում...— արդեն հուսահատությամբ գրեթե ճչաց մանկահասակ կինը և դեմքը բոլորովին ծածկեց։

— Դուք մի՛ աշխատեք իմանալու՝ ես ձեզ սիրում եմ թե ոչ— երկու դեպքումն էլ այդ ավելորդ կլինի— բայց ես, իբրև ձեր ճշմարիտ բարեկամ, իբրև ձեզ սրտակից, միայն ձեր երջանկությունն եմ ցանկանում։ Հավատացեք ինձ, որ ես ձեզ վերա ավելի եմ ցավում, քան թե դուք։ Եթե դուք մի փոքր հեռատեսություն ունենաք և լավ խորհեք, դուք կտեսնեք, թե որպիսի սարսափելի թշվառություն կլինի ձեզ սպասելիս ապագայում, եթե այժմ կատարվի այն, ինչ որ այժմ