Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուք ցանկանում եք. դուք կտեսնեք, որ այն, ինչ այժմ դուք երջանկություն եք համարում, իսկապես ոչ այլ ինչ պիտի լինի, եթե ոչ միայն մի ամենասոսկալի թշվառություն, մի թունավոր կյանք... Մարդ ամեն մի դեպքում միշտ աչքի առաջ պիտի ունենա յուր գործի կամ մտադրության հետևանքը, իսկ դրա համար հարկավոր է ունենալ հեռատեսություն։ Մարդ ամեն կերպ պիտի աշխատի անձնատուր չլինել կրքերին, ցանկությանը, իսկ դրա համար հարկավոր է հաստատակամություն։ Ունի նա մարդկության այդ երկու անհրաժեշտ պայմանները— նրան ամեն բան կհաջողվի, նա երջանիկ կլինի... Հազարապատիկ ավելի լավ է, որ մարդ առաջուց տանջվի, երբ համոզված է, որ հետո այդ տանջանքը պիտի պսակվի երջանկությամբ, քան առաջ երջանկություն կրի (թեպետև այդ լոկ խոսք կլինի), երբ ակնհայտնի է, որ հետո պիտի տանջվի սոսկալի կերպով։ Ես այս բոլորը նրա համար եմ ասում, տիկին, որպեսզի ձեզ ապացուցանեմ, որ չնայելով ձեզ մեծ ջանքեր են հարկավոր հաղթելու այժմ ձեր սիրտը կրծող զգացմունքին, բայց այդ բոլորը ոչինչ, որովհետև ապագայում ձեզ մեծ երջանկություն է սպասում... Վերջապես մտածեցեք դուք ձեր պատվի մասին, պատվի, որն ամեն ինչ է մարդուս համար, առանց որի մարդս ոչինչ է, սակայն ոչ թե ոչինչ, այլ ամենաանպիտանը, ամենազզվելին է բոլոր արարածների մեջ։ Ուրեմն, եթե պատիվը մի այդպիսի մեծ դեր է խաղում մարդուս կյանքի մեջ, եթե նա մարդկության ամենաառաջին նշանն է, ինչո՞ւ նրա վերա այդպես ցած աչքով պիտի նայել, ինչո՞ւ նրան ձեռքից այդպես շուտ պիտի թողնել, ինչո՞ւ նրան ամեն բանից չպիտի գերադասել, հետևաբար նրան անխախտ պահպանելու համար ինչո՞ւ ամեն բան չպիտի զոհել... Վերջ ի վերջո այստեղ հարցը գալիս է իմ մասին։ Դուք ասացեք, տիկին, մի՞թե ես կարող եմ և պիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, հափշտակելով նրա երջանկությունը, ձգելով նրան սոսկալի տառապանքների մեջ... Մի՞թե եղբայրական, ընկերական, բարեկամական ամենասուրբ կապերը պիտի պղծել մի այնպիսի հանցանքով, որ ո՛չ աստված և ո՛չ մարդիկ կարող են ներել... Ո՛չ, տիկին, ինչ կուզեք մտածեցեք,