Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ինձ համար այդ անկարելի է, ես այդ երբեք չեմ անիլ, թեկուզ դրա համար հարկավորվի իմ անձս զոհել։

Վերջին խոսքերի մեջ այն աստիճան վճռականություն էր լսվում, որ Եղիսաբեթը, որը բոլոր այդ ժամանակ անշարժ նստած և դեմքը ձեռքերով ծածկած՝ կլանում էր, ինչպես ասում են, նրա ամեն մի խոսքը, իսկույն հասկացավ, զգաց, որ այլևս ոչինչ յուր կողմից չէր կարող մեղմացնել նրա սիրտը։ Նրա խոսքերը սուր-սուր նետերի նման ցցվում էին նրա ուղեղի մեջ, և նա ամենապարզ կերպով զգում էր, թե որքան դառն ճշմարտություն կար նրանց մեջ... Նա մնաց անշարժ, ինչպես մի արձան, դեռևս հնչվում էին նրա ականջներում Սուրեն Արևելյանի բոլորովին լրջորեն, պարզ և սուր կերպով արտասանած խոսքերը, որոնք նրա մեջ կարծես սկսում էին հետզհետե մի ինչ-որ հեղափոխություն գցել...

Հանկարծ նա բարձրացրեց յուր գլուխն և սկսեց շրջահայել. նրա դեմքը գունատ էր ինչպես կտավ, իսկ հայացքն— անմիտ։ Նա տեսավ Սուրեն Արևելյանին կանգնած լուամուտի առաջ սովորական կերպով դեպի դուրս նայելիս։ Նա չէր հավատում, որ մի փոքր առաջ այնքան ազդու խոսողն այդ մարդն էր։ Նա կարծում էր, որ ինքը երազի մեջ էր և այն խոսքերը երազի մեջ էր լսել։ Բայց միևնույն չէ՞— այն խոսքերն այնքա՜ն պարզ էին, այնքա՜ն ազդու, նրանց մեջ այնքա՜ն ճշմարտություն, ազնվություն կար, նրանք այնքա՜ն ցավակցությամբ և անկեղծորեն էին բխում...

Նա փորձեց վեր կենալ, բայց գլուխը պտտվեցավ և նորից վայր ընկավ աթոռի վերա։ Սուրեն Արևելյանը ետ նայեց և իսկույն շտապեց դեպի նա։

— Տիկին, ի՞նչ պատահեց ձեզ, հարցրեց նա նկատելի անհանգիստ ձայնով։

— Չգիտեմ թե ինչ է պատահում ինձ,— շշնջաց մանկահասակ կինը գլուխն երկու ձեռքերի մեջ բռնելով.— ես ինձ վատ եմ զգում...

— Դուք տկար եք, տիկին, ձեզ հանգստություն է հարկավոր։

Մանկահասակ կինը վեր կացավ Սուրեն Արևելյանի օգնությամբ։