Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեոք է բերվում մշակված երկխոսությունից հրաժարվելու միջոցով: Սակայն ճիշտ հակառակն է: Նար-Դոսը երկխոսությունը մշակում է ներդաշն մանրամասնությամբ, ոսկերչական աշխատանքով, հասնելով տվյալ՝ «անարվեստության» պատրանքին: Եվ մշակում է այնպես, որ երկխոսությունը առավելագույն չափով նպաստի կերպարների ու դեպքերի արտահայտիչ դինամիզմին:

Վահանն իր վրա է վերցնում «Սպանված աղավնիի» Միքայել Մարգարյանի՝ այսինքն հեղինակի դերը, իհարկե միանգամայն ինքնուրույն և շատ ինքնատիպ կերպար լինելով: Շատ բան հեղինակային բնագրում տեղավորվելու փոխարեն հանձնվում է Վահանին, ի հայտ գալով աշխույժ երկխոսություններում: Դրանով ավելի է շեշտվում վեպին և ընդհանրապես Նար-Դոսի արձակին հատուկ դրամատիկական ուղղվածությունը: Հարկավ ուժեղանում են և կյանքային գծերը, իրականության գեղարվեստական պատրանքը: Հեղինակն առավել անկողմնակալ-օբյեկտիվ դիրք է գրավում, քանզի իր փոխարեն խոսում, գործում է վեպի թերևս ամենատպավորիչ, առինքնող դեմքը: Նա իսկապես ընթերցողին տանում է իր հետ՝ մի տեսակ հակակշիռը լինելով բևեռների ու բախման, իր զարմանալի կենսագրությամբ, իր ներթափանցումներով: Նա մերկացնում է իրողությունը: Վահանը նաև հոգեբան է, նույնիսկ խոսում է իր «հոգեբանական հոտառության» մասին, որը նրան օգնում է ճիշտ կողմնորոշվել: Այն մարդկանցից է, որոնք ավելի շատ առաջնորդվում են բանականությամբ, կշռադատում, նոր են եզրակացություն անում, փաստերն իմաստավորում, նոր են որևէ բան ձեռնարկում: Նա ոգևորության, զգացմունքի մարդ չէ և հենց նման մեկը կարող էր լինել հեղինակի խոսափողը: Նրա հեգնանքը միշտ խարսխված է փաստացի իրավիճակի վրա, իսկ մարդիկ նրան չեն հասկանում, չի հասկանում նաև քույրը և այն էլ հատկապես վճռական պահերին: Պատճառը գուցե տարբեր մոտեցումներն են դեպի կյանքի երևույթները. այսպես է մարդկանց-մժղուկների աշխարհը, ամեն մեկն իր բզզոցն է բզզում, իր ուղղությամբ է թռչում՝ ճիշտ թե սխալ: Նար-Դոսի հոգեբանական խորաթափանցության ևս մի վկայություն է սա: Գոյության դրաման արդյունք է նաև այն բանի, որ մարդիկ ոչ թե չեն կարող իրար հասկանալ, այլ չեն ուզում հասկանալ, քանզի չեն համընկնում շահագրգռությունները, նպատակները, ծրագրերը, յուրաքանչյուրը ելնում է իր վիճակից, զբաղվում է իր հարցերով, առաջնորդվում է իր պատկերացումներով: Այս ելակետից, ամեն կերպար, որ ցայտուն անհատականություն է, ճշտորեն հարմարեցված է այն պայմաններին, որոնց մեջ գործում է:

19-րդ դարում վերջնականորեն ընդունված էր աշխարհի էվոլյուցիոն զարգացմա ուսմունքը՝ մարդու պատմական ուղին վայրենուց մինչև նոր քաղաքակրթություն: Նար-Դոսն այդ տեսությունից ելնելով էր կերտում իրականության իսկությունը: Նրա «նախատիպ մարդն իր ամենակոպիտ բնազդով», մարդ-գազանը նախաստեղծ բարու հակադրությունն է: Բայց չէ՞ որ նախաստեղծ բարին մարդկության իդեալն էր մշուշոտ-լուսավոր ապագայից տեղափոխված հեռավոր անցյալ՝ երբ ծագում էր բանականությունը: Եվ նոր պատմական հանգամանքներում շարունակվում էր բարու և չարի, հոգու և մարմնի պայքարը: Նար-Դոսը նույնպես որոնում էր բարին, իր հերոսներից մեկի միջոցով ձևակերպելով այսպես, չարը բնական օրենք չէ, այլ սոցիալական անարդար հարցերի հետևանք:

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ