Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ներեցեք, պարոն Սուրեն Արևելյան,— ասաց նա,— գլուխս պտտվում է. տարեք ինձ մինչև իմ ննջարան...

Նա հենվեց Սուրեն Արևելյանի ձեռքի վերա, որը տարավ նրան մինչև յուր ննջարանի դուռը, ինքը ցիլինդրը ծածկեց և դուրս գնաց։

IV

Հետևյալ առավոտն այն աստիճան սքանչելի էր, որ մարդու սիրտն ակամայից փառավորվում էր։ Թռչունները — բնության հրաշալեաց այդ փոքրիկ քնարերգուքը — վաղուց արդեն սկսել էին իրենց բազմանվագ երաժշտությունն, իսկ ծաղիկներն ու վարդերը լցրել էին օդը մի տեսակ անուշ բուրմունքով։

Արևը տակավին թաքցրած ուներ յուր գլուխը սարերի հետևը, բայց շառագունված հորիզոնն ավետում էր, որ նա շուտով կբարձրանա յուր օրվա աշխատանքը սկսելու։

Եղիսաբեթը նստած էր իրենց պարտիզում մենակ նստարանի վերա։ Մայիսյան առավոտվա օդի ցուրտ խոնավությունից պաշտպանվելու համար նրա ուսերին մի շալ էր գցած։ Նրա դեմքն այն աստիճան գունատ էր, որ կարծես երկարատև հիվանդությունից նոր էր առողջացել իսկ աչքերի տակի կապույտը ցույց էր տալիս, որ նա գիշերն անքուն էր անցրել։ Նրա նստվածքի դիրքը, դեմքի արտահայտությունը, վերջապես հայացքը, որ նա ուղղել էր դեպի նորաբաց ծաղիկները, ցույց էին տալիս, որ նա ոչինչ չէր զգում։

Դեռ երկար ժամանակ նա նստած էր նույն դրության մեջ, երբ վերջապես պարտիզի ծայրին երևեցավ Գ. Զաքարյանը։ Նա նկատելի անհանգստությամբ նայում էր այս ու այն կողմը, որպես թե մեկին խիստ փնտրում էր։ Բայց երբ Եղիսաբեթին տեսավ, իսկույն վազեց դեպի նա և կանչեց այլայլված ձայնով.

— Լի՛զա, Լի՛զա, դու այստե՞ղ ես...

Եղիսաբեթն ապուշի նման նայեց նրան և ոչինչ չպատասխանեց։ Գ. Զաքարյանն առավ նրա ձեռքերն և շարունակեց.

— Քեզ փնտրելով հոգիս դուրս եկավ, ես սարսափելի