Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վախեցա, երբ քեզ ննջարանում չգտա... Բայց ի՞նչ ես շինում դու այստեղ այսպես վաղ առավոտյան։

Ըստ երևույթին մանկահասակ կինը նոր ուշքի եկավ. նա ցնցվեց ամբողջ մարմնով և զարմացած շրջահայեց։ Հետո նայելով յուր ամուսնուն, նա հարցրեց.

— Ի՞նչ ես կամենում, Գարասիմ...

— Ես քեզ հարցնում եմ, թե այսպես վաղ դու այստեղ ի՞նչ ես շինում։

— Ոչինչ։

— Ուրեմն ի՞նչ կա այստեղ, որ նստել ես... Լիզա, դու հիվանդ ես. ամբողջ գիշերն էլ դու զառանցում էիր... իսկ այժմ այսպես վաղ եկել ես, նստել այս ցրտում — այդ հո բոլորովին հիվանդացար։ Ե՞րբ ես այդպես արել, որ այժմ անում ես... ես չեմ հասկանում, թե երեկվանից դեսը քեզ ինչ է պատահում... Լի՛զա, հոգիս, գնանք տուն, քո երեսիդ գույն չկա։ Գնանք։

Մանկահասակ կինը ետ քաշեց յուր ձեռքերը, վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, առաջ ընկավ դեպի տուն։ Գ. Զաքարյանը հետևեց նրան։ Սանդուղքներով բարձրանալիս նա կամենում էր բռնել կնոջ թևից և օգնել նրան բարձրանալու, բայց վերջինս չթողեց։ Նրանք գնացին ննջարանը, որտեղ բացի իրենց մահճակալից, դրված էր և Տիգրանիկի փոքրիկ մահճակալը, որի վերա այդ րոպեին դեռևս ննջում էր նա յուր մանկական անուշ քնով։ Եղիսաբեթը նստեց մահճակալի վերա և գլուխը բարձի վերա դրեց...

— Լի՛զա, հոգի՜ս, ախր ի՞նչդ է ցավում, որ դու այդպես փոխվել ես,— ասաց վերջապես Գ. Զաքարյանն անհանգստությամբ նայելով կնոջ թախծալից դեմքին։

— Ոչինչ, ոչինչ, Գարասիմ... Ես ինքս էլ չեմ հասկանում, թե այս մի քանի օրերս ինչ է պատահում ինձ հետ...

— Դու թաքցնում ես ինձա նից...

— Ա՜խ...— մանկահասակ կինը մի անհանգիստ շարժում արավ։— Խնդրում եմ ինձ հանգիստ թո՜ղ, Գարասիմ։ Կամենո՞ւմ ես բժիշկ կանչեմ։

— Հարկավոր չէ։

— Տե՛ր աստված, բաս հո միշտ այդպես չես մնալու...