Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այո, հայրիկ,— ասաց նա շատ նվազ ձայնով և երեսը դարձրեց դեպի փողոց, որպեսզի հայրը չտեսնե, թե լաց էր եղեր։

— Ինչի՞ դեդիդ հետ չգնացիր բաղը ման գալու,— հարցրեց աղա Յագոր Բուղդանիչը ծանր և բառերը պարզ ու որոշ արտասանելով, ինչպես այդ հատուկ է առհասարակ թիֆլիսեցի վաճառականական դասակարգին։— Հիմի էնդի մուզիկ կուլի ածում... մե քիչ բոլթա կուտայիք ու յիդ կուգայիք։

— Չկամեցա, հայրիկ...

— Հա՜... դո՜ւն գիդիս, վուրթի,— երկարացրեց հաստափորը։— Ամա էտ մեկը լավ չիս անում, ուր դեդիդ հակառակում իս,— ավելացրեց նա պատշգամբից ներքև փողոցը նայելուց հետո,— էնքան խնդրից, աղաչից, դու քունն արիր ու չգնացիր։

— Հայրի՜կ, դուք գիտեք, որ ես հիվանդ եմ... գլուխս ցավում է... և, բացի այդ, ես զբոսնել առհասարակ շատ չեմ սիրում,— արդարացնում էր իրեն օրիորդը։

— Հա՜։ Էտ նրամեն է, վուր դու ջեր մտետ չիս գցի էն...— Աղա Յագոր Բուղդանիչը չվերջացրեց յուր ասելիքն և հանկարծ խոսքը փոխեց,— վուր դու իս կարթում ու օթախեմեդ վո՛ւխչ օրն իսկի չես դուրս գալի... Շատ կարթալը, վուրթի, լավ չէ... աճկերուտ էլ վնաս է։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, նա հեռացավ պատշգամբի մյուս ծայրը, իսկ աղա Յագոր Բուղդանիչը մեջքը դեպի աղջիկը դարձնելով, ծանրությամբ նստեց աթոռի վերա, նրա ծանրությունից ճռճռաց աթոռը։

— Էս ի՜նչ չիխլիպիտո սկամիք գիդին ես վուխտը,— մրթմրթաց նա և բոլորովին անհոգ կերպով սկսեց շվշվացնել մի ինչ-որ եղանակ, որին հետևեց վրացերեն «Գամո, մզեո, գամիգոնեն» ցած ձայնով։ Այդ ժամանակ օրիորդը մի խիստ սառ հայացք ձգեց նրա վերա և սկսեց նայել ներքևը փողոցում խռնվող ամբոխին։

— Ի՛փրիմե,— հանկարծ երգն ընդհատելով՝ կանչեց աղա Յագոր Բուղդանիչը։

Իմերել ծառան իսկույն հայտնվեցավ պատշգամբի վերա։

— Րա՞ գնեբամթ, բատոնո (ի՞նչ եք կամենում, պարոն),— թափեց նա միմյանց վերա բառերը,