Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանկարծ կանգ առավ. «Չլինի՞ թե գող է»,— շշնջաց նա կամաց՝ լայն բացած աչքերը դռանը հառելով։ «Ախ, միևնույն է այժմ ինձ համար»,— հանկարծ կանչեց նա մի տեսակ դառնությամբ և վազեց դեպի դուռը։ Դուռը բանալուն պես՝ երկու ձեռքերը փաթաթվեցան նրա վզովը, և կանացի շատ նվազ մի ձայն շշնջաց նրա ականջին.

— Գրիգո՜ր, ես եմ...

— Նունե՛...— բացականչեց իսկույն իրեն գրեթե մոռացած երիտասարդը և սեղմեց նրան յուր սաստիկ բաբախող սրտին.— Նունե՜... Նունե՜, մի՞թե այս դու ես... մի՞թե այս իրականություն է...

Գ

Գրիգոր Սեյրանյանը գյուղի հարուստ բնակիչներից մեկի որդին էր։ Փոքր հասակում ավարտելով գյուղական ուսումնարանը, նա ծնողների համաձայնությամբ գնացել էր Թիֆլիս՝ այնտեղի ուսումնարաններից մեկում յուր ուսումը շարունակելու համար։ Թիֆլիսում նա բնակվում էր յուր հորեղբոր այրի կնոջ մոտ, որ յուր չքավորության պատճառով ընդունել էր նրան իբրև մի հասույթավոր, և նրա ամեն պետքերը հոգալու համար ամսական բավական մեծ փող էր ստանում։ Թիֆլիս գալու առաջին տարին Սեյրանյանը մեծ հաջողությամբ պատրաստվելով մասնավոր ուսուցչի մոտ, մտել էր գիմնազիոնի երկրորդ դասատունը։ Նա շատ աշխատասեր էր և ամեն տարի փոխում էր դասատունը։

Սկզբի մի քանի տարիները նա մեծ դժվարությամբ կարողացավ յուր հորեղբոր այրի կնոջ ընտանիքում ապրել, որովհետև բացի այն, որ նրանք միասին ապրում էին միևնույն և այն էլ մի շատ փոքրիկ սենյակում, նա ստիպված էր պարապելու յուր հորեղբոր չար երեխաների ականջ խլացնող գոռում-գոչյունների մեջ, մյուս կողմից էլ, յուր հորեղբոր այրի կինը շատ վատ էր պահում նրան՝ չնայելով որ լրիվ ստանում էր յուր ամսականը։ Սեյրանյանը մտածեց, որ այդ ամսականով կարելի էր մի գեղեցիկ առանձին սենյակ վարձել և հանգիստ ապրել։ Նա նամակով խնդրեց այդ մասին յուր ծնողներին, ցույց տալով նրանց այն պատճառները, որոնք