Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստիպում են նրան թողնելու այդ ընտանիքը։ Ծնողները չափից դուրս սիրում էին իրենց միակ զավակին, ուստի և սիրով համաձայնեցան նրա հետ։ Սեյրանյանը անմիջապես ամսական հինգ ոուբլով վարձեց յուր համար մի առանձին սենյակ մի գեղեցկաշեն տան մեջ, որտեղ կային և ուրիշ շատ բնակիչներ։ Ծնողներից նա միանգամից հարյուր ռուբլի փող ստացավ, յուր համար շորեր և սենյակի կայք գնելու համար։ Նա շատ պարզ, բայց մաքուր կերպով զարդարեց յուր ուսանողական փոքրիկ սենյակը և այնուհետև բոլորովին հանգիստ ու ավելի մեծ եռանդով սկսեց պարապել դասերով։ Հայրը ամիսը մի երկու անգամ այցելում էր յուր սիրելի որդուն և ամեն անգամ նրան խրատներ էր տալիս։ Ի դեպ է ասել, որ Սեյրանյանը, չնայելով որ հինգերորդ տարին էր ինչ թիֆլիսումն էր, բայց այնուամենայնիվ նա դարձյալ պահպանել էր յուր գյուղական պարզությունն ու համեստությունը։ Բացի այդ, նա ի բնե ծանր բնավորության տեր, խելացի և միանգամայն շատ բարի ու ազնիվ տղա էր։ Նրան բոլորովին ծանոթ չէին Թիֆլիսի սովորող երիտասարդների մեծ մասի զվարճություններն ու ցոփակեցությունը։ Նա խորշում էր այդպիսիներից։ Ընկերները նրան միշտ ծաղրում էին ասելով, որ նա «էշ գյուղացի» է։ Բայց Սեյրանյանը ուշադրություն չէր դարձնում նրանց վերա։ Թեյը խմելուց հետո նա առավոտյան ժամը յոթ անց կեսին գնում էր գիմնազիոն։ Մի անգամ առավոտյան, սենյակի դուռը փակելուց հետո, երբ նա կամենում էր բակի դռներից դուրս գալ, տեսավ, որ վերին հարկի պատշգամբի սանդուղքներից, մի քանի տետրակ ձեռքին, իջնում էր մի օրիորդ — դա մեզ ծանոթ աղա Յագոր Բուղդանիչի միակ աղջիկ Նունեն էր, որ նոր ավարտած լինելով տեղական հայ օրիորդական ուսումնարաններից մեկը, այժմ նույն ուսումնարանում ստորին դասարանում վարժուհու պաշտոն էր վարում։ Այստեղ նկատենք փակագծերում, որ տունը, որտեղ բնակվում էր Սեյրանյանը, պատկանում էր աղա Յագոր Բուղդանիչին։— Նրանց հայացքները հանկարծ հանդիպեցան միմյանց, և Սեյրանյանն ինքն էլ չհասկացավ, թե ինչի՞ նույն վայրկյանին յուր ամբողջ մարմնի միջով մի ինչ-որ սարսուռ անցավ։ Նա առհասարակ սովորություն չուներ երկար-բարակ դիտելու գեղեցիկ սեռին և այդ պատճառով,