Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շտապով դուրս գնալով փողոց, գրեթե վազեց դեպի գիմնազիոն։

Այդ առաջին անգամն էր, որ նա տեսնում էր օրիորդին և, չնայելով, որ վայրկենապես միայն նայեցավ նրա վերա, բայց օրիորդի պատկերն այնպես էր դրոշմվել նրա ուղեղի վերա, որ բոլոր դասերի ժամանակ օրիորդը չէր հեռանում նրա մտքից։ Եվ նա չէր հասկանում, թե ինչ էր նշանակում այդ։

Դասերը վերջացնելուց հետո նա շտապեց դեպի տուն։ Նա չէր կարողանում ինքն իրեն հաշիվ տալ, թե ինչի՞ ինքն այնպես շտապում է։ Հասնելով իրենց փողոցը, նա տեսավ, որ փողոցի մյուս ծայրից գալիս էր Նունեն։ Նրանք, գալով հանդիպակաց կողմերից, հենց բակի դռների մոտ հանդիպեցան։ Օր. Նունեի և Սեյրանյանի հայացքները դարձյալ հանդիպեցան միմյանց... Օրիորդը կանգնեց, որպեսզի ճանապարհ տա Սեյրանյանին դռնից ներս մտնելու։ Սեյրանյանն էլ նույնն արավ։ Րոպեական շփոթությունից հետո, որի միջոցին նրանք երկուսն էլ սաստիկ կարմրել էին, օրիորդը շուտով ուշքի գալով՝ առաջինը շտապով մտավ բակը։ Սեյրանյանը մեքենայաբար հետևեց նրան և տեսավ, թե ինչպես, գրեթե վազելով, օրիորդը բարձրանում էր սանդուղքներով վեր։ Նա բացեց յուր սենյակի դուռը և մտավ ներս։ Նրա սիրտը սաստիկ բաբախում էր։

Այդ հանդիպումը մեծ ազդեցություն էր արել նրա վերա։ Նա այդ օրը ոչինչ չկարողացավ անել, մինչև անգամ մոռացավ ճաշելու գնալ, ինչպես գիմնազիոնից վերադառնալուն պես նա այդ անում էր ամեն օր։ Օրիորդի ամոթխած, սիրուն պատկերը մի րոպե անգամ չէր հեռանում նրա աչքի առաջից։ «Ի՞նչ եղավ ինձ,— մտածում էր նա անդադար,— մի՞թե սրանք են սիրահարության առաջին նշանները»։ Նա ծիծաղեց այս խոսքերի վերա և նստեց պարապելու։ Սակայն տողերի տեղ գրքի երեսների վերա նա օրիորդի, միշտ օրիորդի պատկերն էր տեսնում։ «Է՜հ, այս անտանելի է»,— կանչեց նա վերջապես և, վերարկուն ուսերի վերա գցելով, դուրս գնաց փողոց՝ ուղեղը մի փոքր հանգստացնելու համար։ Նա հանեց ժամացույցը և նայեց. «Վա՜հ, կանչեց նա զարմացած,— արդեն երեկո է... տեր աստված, այս ի՞նչ է եղել ինձ, որ ես չեմ էլ իմանում, թե ինչպես է անցնում ժամանակը»։ Նա չկարողացավ