զբոսնել, ներսից մի բան դեպի տուն էր մղում նրան։ Եվ նա վերադարձավ յուր սենյակը, բոլորովին հոգնածի նման ընկավ մահճակալի վերա և, գլուխը ձեռքերի մեջ սեղմելով, անդադար կրկնում էր. «Ես կխելագարվեմ... ես կխելագարվեմ»...
Շատ վատ անցկացրեց նա գիշերը։ Առավոտյան վաղ վեր կենալով, նա տեսավ, որ առանց հանվելու է քնել։ Նա դարձյալ ծիծաղեց յուր այդ արտասովոր վարմունքի վերա։ «Տեսնենք ինչո՜վ պիտի վերջանա այս հանելուկը»,— ասաց նա և լվացվեցավ։ Սառը ջուրը կազդուրեց նրա գրգռված ջղերն, և նա նստեց դասերը սովորելու։ Յուր ժամանակին բերին թեյ. նա խմեց հացով և, վերցնելով գրքերը, դուրս գնաց։ Նա ակամայից կանգ առավ բակի դռների մոտ, երեկվա տեղում և նայեցավ սանդուղքներին, «նա կիջնե»,— ակամայից շշնջացին նրա շրթունքները։ Բայց այս անգամ օրիորդ չկար։ «Հիմար եմ»,— ասաց նա և դուրս գնաց։
Այդ օրվանից կարծես մի ծանր քար դրին նրա սրտի վերա։ Բոլոր ժամանակ նրա աչքերի առաջ փայլում էր օրիորդ Նունեի համեստ, ամոթխած պատկերը, և երբ մի օր չէր տեսնում նրան, գրեթե լալիս էր նա հուսահատությունից ու վշտից։ Նա շատ քիչ էր ուտում. նրա ախորժակը բոլորովին կապվել էր։ Դասերով անգամ, որ նրա միակ ամենասիրելի պարապմունքն էին, նա չէր պարապում և այդ պատճառով էլ նա մի քանի անգամ ամոթով մնաց ուսուցչի առաջ։
— Ի՞նչ է պատահել ձեզ, Սեյրանյան,— մի անգամ հարցրեց նրան ուսուցիչը,— ինչպես երևում է դուք այլևս դասեր չեք պատրաստում։
— Հիվանդ եմ, պ. ուսուցիչ,— պատասխանեց Սեյրանյանը՝ իրեն արդարացնելու ուրիշ միջոց չգտնելով։
— Եթե հիվանդ եք, մի՛ գաք դասերին, մինչև որ առողջանաք։ Դիմեցեք բժշկին, այդպես չի կարելի թողնել։
Սեյրանյանն այդպես էլ արավ։ Նա մոտ մի շաբաթ գիմնազիոն չէր հաճախում և ամբողջ օրերով մնում էր տանը փակված՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ է անում։
«Այսպես շարունակել կարելի չէ»,— վերջապես ասաց նա մի անգամ յուր դասերի, դասընկերների և ապագայի մասին մտածելուց հետո։