Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ տանտիկինը, գիրքը սեղանի վերա դնելով, դուրս գնաց սենյակից։

Սեյրանյանի դրությունը վատացավ, նա մնաց մենակ այն որիորդի հետ, որին ինքը սիրում էր և որի համար զգում էր, որ պատրաստ կլինի ամեն բան. մինչև անգամ կյանքը զոհելու։ Նա ոչ ամաչում էր և ոչ վախենում, այլ մի տեսակ խառն, անորոշ դրության մեջ էր. այնպես որ հաշիվ տալ չէր կարողանում իրեն, թե ինչ էր կատարվում յուր մեջ այդ րոպեին, միայն նա զգում էր, որ սիրտը մի ինչ-որ քաղցր բաբախմամբ թրթռում էր յուր կրծքի մեջ. կարծես ուզում էր դուրս պրծնել այնտեղից և ընկնել օրիորդի ոտների տակ։ Նա դարձյալ չէր կարողանում ուղիղ նայել օրիորդի դեմքին և աչքերը ման էր ածում անդադար պատերի վերա, Նունեն նստած էր դարձյալ յուր առաջվա տեղը։ Նա վայր էր թողել յուր երկար, թուխ թերթերունքները, որոնք մի տեսակ մութ ալիքներով սքողել էին նրա գեղեցիկ սևորակ աչքերը։ Նրա սպիտակ այտերի վերա խաղում էր վարդի գույնը, իսկ կուրծքը նկատելի կերպով բարձրանում էր ու ցածրանում, կարծես մի ինչ-որ նրա մեջ էլ կատարվում էր։ Նա անողորմ կերպով թերթում էր յուր առաջ դրված գիրքը, կարծես, մի ինչ֊որ ջիգր ուներ այդ անբախտ գրքի վերա և ուզում էր հանել։ Լռությունը սենյակում տիրել էր։ Վերջապես Աեյրանյանը մի անգամ ուղիղ նայեցավ նրան, և կարծես նրա աչքերը մի անգամից գամվեցին նրա դեմքի վերա։ Աստված իմ, ո՛րքան գեղեցիկ, ո՛րքան հրաշալի թվաց այդ օրիորդը, որքան համեստ, հեզ և խոնարհ էր նա... նա վեր կացավ ակամայից և անզգայաբար գնաց դեպի նա. կարծես մի ինչ֊որ անհայտ զորություն քաշում էր նրան դեպի այդ չքնաղ օրիորդը։ Նա հանկարծ կանգ առավ նրանից երկու քայլ հեռու, նա աննկատելի կերպով դողում էր։

— Ի՞նչ եք... կարդում, օրիորդ,— հարցրեց նա գրեթե շշնջալով։

Օրիորդը շփոթվեց և կարծես մոռացավ գրքի անունը, նա շտապով բացեց գրքի երեսը և նայեցավ։

— Ի՞նչ... Հյուգո... «Թշվառներ»,— պատասխանեց նա անկապ կերպով և առանց աչքերը գրքի երեսից հեռացնելու։ Սակայն նա շտապով ժողովեց իրեն և նայեցավ Սեյրանյանի դեմքին։