Էին զանազան հարցերի, երևույթների վերաբերությամբ և նրանց այդ վիճաբանությունը «ուղտի պոչ» չէր դառնում, ինչպես այդ լինում է մեր արդի փոփոխամիտ, տաքարյուն և ոչինչ հաստատ համոզմունք չունեցող երիտասարդների մեջ։ Նրանց համոզմունքը, հայացքները կյանքի, առավելապես շրջապատող կյանքի զանազան երևույթների վերա, շատ տարբեր չէին, և այդ պատճառով նրանց վիճաբանությունը միշտ վերջանում էր ընդհանուր համաձայնությամբ։ Եվ իհարկե, ինչպես բնական է, Սեյրանյանի սերը հետզհետե բորբոքվում էր դեպի Նունեն, և խոսք չկա, որ այս վերջինս էլ նրան էր սիրում։ Նրանք այժմ երբեք չէին շփոթվում միմյանց առաջ. ընդհակառակը, նրանք շատ լուրջ էին պահում իրենց միմյանց մոտ գտնված ժամանակ և մինչև անգամ նրանց վարմունքը մի տեսակ պաշտոնական ձև էր ստացել։ Սակայն հենց առաջին օրից նրանք հասկանում էին, որ սիրում են միմյանց, նրանք այդ կարդում էին միմյանց աչքերի, հայացքների մեջ և լռում էին։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում բացարձակապես հայտնել միմյանց այն զգացմունքը, որ նրանք տածում էին փոխադարձաբար։ Մի կողմից օրիորդի ծնողներն էին արգելք լինում այդ բանին, մյուս կողմից, որ ամենագլխավորն է, նրանք երկուսն էլ ամաչում էին։
Բայց շատ երկար չտևեց այդ անել դրությունը։
Մի անգամ, կիրակի առավոտյան թեյից հետո, Նունեն ըստ սովորականին մտավ Սեյրանյանի սենյակը։ Նա նույն օրվա լրագիրը բերել էր միասին կարդալու համար, ինչպես նա այդ անում էր միշտ։ Այդ օրը նա շատ ուրախ տրամադրության մեջ էր. նրա գեղեցիկ դեմքի վրա նկատվում էր մի ինչ-որ երջանիկ ժպիտ։ Սեյրանյանը նստած էր սեղանի առաջ քամակը դեպի դուռը և զբաղված էր մի ինչ֊որ գրությամբ։ Նա այն աստիճան անձնատուր էր եղել դրությանը, որ օր. Նունեի մտնելն անգամ չլսեց։ Վերջինս մի րոպե կա նգնեց դռների մոտ, հետո տեսնելով որ նա յուր մտնելը չլսեց, և շարունակ գրում է, ոտների մատների վերա կամաց-կամաց մոտեցավ նրան և կանգնելով նրա աթոռի հետևը, ժպտալով սկսեց նայել նրան։ Սեյրանյանն առանց ոչինչ իմանալու շարունակում էր գրելը, բայց վերջապես, երևի վերջացնելով՝