բարձրացրեց գլուխը, վայր դրեց գրիչը և հոգոց հանելով վեր կացավ տեղից։ Հանկարծ նա շուռ եկավ, և նրա աչքերը հանդիպեցան օր. Նունեի ամենաքաղցրիկ կերպով ժպտացող աչքերին։
— Օրիո՜րդ,— կանչեց նա զարմացած և հանկարծ կարմրեց։
— Բարի լույս ձեզ, պ. Սեյրանյան,— ասաց օր․ Նունեն նույն ժպիտով և ձեռքը մեկնելով դեպի նա։
Սեյրանյանն ամուր սեղմեց դեպի իրեն մեկնված ձեռքը։
— Դուք գողի նման եք մտել, օրիորդ,— ասաց նա ինքն էլ ժպտալով։
— Երևի ես ձեզ խանգարեցի․․․ Դուք այնպես ընկղմած էիք ձեր գրության մեջ... Բայց կարելի է տեսնել, թե ինչ էիք գրում․— և օրիորդը ակամայից ձեռքը տետրակին մեկնեց։
— Օ՜, ո՜չ, այդ անկարելի է,— հանկարծ բացականչեց Սեյրանյանը և նախքան օրիորդը ձեռքը կդիպցներ տետրակին նա շտապով վերցրեց այն և պահեց յուր ձեռքերի մեջ։
— Բայց կարելի՞ է իմանալ, ինչի՞ կարելի չէ, - հարցրեց Նունեն բոլորովին չհասկանալով, թե ինչի նա այնպես շփոթվեց տետրակի համար։
-Այս ոչ ոք չպիտի տեսնե․․․
— Մինչև անգամ և ե՞ս...
Օրիորդը չհասկացավ, թե ինչի՞ այդ բառերն արտասանեց և միանգամայն «ես» բառի վերա շեշտելով․ Սեյրանյանն ուղիղ նայելով նրա դեմքին, օրիորդի ժպտող, սիրալիր հայացքը թափանցեց երիտասարդի սրտի խորքը, և նա նորից կարմրելով` աչքերը վայր թողեց։
— Մինչև անգամ և... դուք,— շշնջաց նա։
— Իսկ ես կամենում եմ այդ տետրակը տեսնել․․․ Երևի մի որևիցե շարադրություն եք գրում։
— Այո... բայց դուք այդ չեք տեսնիլ... չպիտի տեսնեք այդ...
— Պ. Սեյրանյան, վերջապես խնդրում եմ․․․
Օրիորդը մի այնպիսի եղանակով արտասանեց այդ բառերը, որ ոչ թե տետրակն, այլ եթե հոգին էլ կամենար, Սեյրանյանը կտար նրան։ Նա մեկնեց տետրակը դեպի Նունեն,