Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց և իսկույն էլ կամենում էր դարձյալ ետ առնել, օրիորդը շուտով խլեց այն նրա ձեռքից։

— Երևի դուք կարծում եք, որ ես ձեր շարադրությունը չեմ հավանիլ... Դուք գիտեք, որ ես կրիտիկոս չեմ.— այդ խոսքերը ասելով նա նստեց սեղանի մոտ և սկսեց թերթել տետրակը։ Սեյրանյանր լուռ և անշարժ կանգնած էր։ Սառը քրտինքը դուրս էր ցայտել նրա ճակատի վերա, կարծես նրա մահու դատավճիռը պիտի կարդային։

Օրիորդը լուռ կարդում էր տետրակը։ Այդ ժամանակ նա սկսել էր ավելի ու ավելի շառագունել, նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում էր, իսկ շրթունքները դողում էին։ Հանկարծ տետրակի մի երեսը կիսատ թողնելով նա կարդում էր մյուս երեսը, հետո երրորդը, չորրորդը... վերջապես վերջին երեսի վերջին տողերը կարդալով, նա ծածկեց տետրակը, վեր կացավ աթոռի վերայից, և մոտենալով Սեյրանյանին, որը կանգնած էր յուր առաջվա դրության մեջ, բռնեց նրա ձեռքն ու շշնջաց դողդոջուն ձայնով.

— Այո՛, Գրիգոր, ես քեզ սիրում եմ...

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Անկասկած, ընթերցողն արդեն հասկացավ, թե ինչ էր պարունակում յուր մեջ այն տետրակը։ Սեյրանյանն առհասարակ սովորություն ուներ յուրաքանչյուր օրվա պատահարները, յուր ստացած լավ կամ վատ տպավորությունները արձանագրելու այդ տետրակի մեջ։ Միևնույն տետրակի մեջ էր և այն բոլորը, ինչ որ վերաբերում էր յուր Նունեի վերա սիրահարվելուն՝ սկսած հենց առաջին օրից մինչև այդ օրը։ Մի՛նչև անգամ նա գրում էր թեկուզ հենց ամենաչնչին խոսակցությունը, որ յուրաքանչյուր օր պատահում էր նրա և Նունեի մեջ։ Նրա մեջ էր և նույնպես երեկվա խոսակցությունը բառ առ բառ, իսկ վերջում ավելացրած էր. «Բայց, աստված իմ, մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի... Մի՞թե ոչ մի ժամանակ ես նրա բերանից չպիտի լսեմ՝ նա ինձ սիրում է, թե ոչ»։ Ահա այդ վերջին բառերն էին, որ օրիորդը կարդաց և այլևս չկարողացավ զսպել իրեն, արտասանեց այն երկնային բառերը, որոնց՝ մեծ դժվարությամբ նա կարողացել էր մինչև այդ ժամանակ սանձած պահել յուր մեջ, և որոնք ամեն ժամանակ պատրաստ էին հրաբխի լավայի նման դուրս ժայթքելու։