Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հողը, աշխատանքը, նրան համարում էր յուր հարազատը, յուր արյունակիցը, նրա և նրա քրտնաթոր աշխատանքի մեջ էր տեսնում յուր գոյության հենարանը, հետևաբար նա իրեն պարտավոր էր զգում օգնելու այդ գյուղացուն, օգնելու այնքան, որքան յուր ույժերը կներեին։ Շատ անգամ այդ մասին նա խոսում էր Նունեի հետ, որ այդպիսի ժամանակներում ժպտալով ասում էր.

— Այժմ այդպես ես ասում, բայց երբ կերթաս, կտեսնես եվրոպական կյանքը, կմտնես այդ կյանքի մեջ, կծանոթանաս նրա պայմանների, պահանջների հետ և վերջապես կընտելանաս այդ կյանքին, այն ժամանակ ոչ թե այդպես չես խոսի, այլև բոլորովին կմոռանաս գյուղացուն էլ, հայրենիքդ էլ, ինչպես այդ անում են մեր ներկա երիտասարդներից շատերը։

— Լսիր ինձ, Նունե,— պատասխանում էր Սեյրանյանը,— դու կատարյալ իրավունք ունես այդպես խոսելու, որովհետև շատ դեպքեր քեզ տեղիք են տվել այդպես դատելու։ Բայց ինչի՞ դու ինձ անպատճառ կամենում ես նմանեցնել քո ասած երիտասարդներին... ինչի՞ դու չես կամենում նախ և առաջ քննել այն շրջապատող կյանքը, հասարակությունը, պայմանները, որոնց մեջ մեծացել են նրանք և ես... իսկ եթե դու քննես, կտեսնես, որ իրավ շատ մեծ տարբերություն կա դրանց մեջ... Ես, իհարկե, ինձ չեմ ուզում գովել կամ արդարացնել, բայց այնուամենայնիվ, դու շատ լավ ճանաչում ես իմ բնավորությունս, բավական ծանոթ ես իմ վարած կյանքին... Եթե Թիֆլիսը, որ այսքան փչացած է, այսքան տարվա մեջ չկարողացավ ինձ փչացնել, փոխել իմ բնավորությունը, ապա հույս ունեմ, որ այլևս ոչինչ եվրոպական կյանք չի կարող ինձ փոխել։ Ես քեզ կարող եմ հավատացնել, Նունե, որ չնայելով այսքան տարի հեռացած եմ գյուղից, հայրական օջախից, ավարտել եմ գիմնազիոնը, լավ, և կարելի է ասել, փառավոր կյանք եմ վարել, բայց այնուամենայնիվ ես այս րոպեիս դարձյալ գյուղացի եմ, իմ երակներիս մեջ վազում է դարձյալ ջանասեր գյուղացու տաք արյունը, և ես ամեն ժամանակ պատրաստ եմ հողը վարելու, դառն քրտինք թափելու, իսկ կալի «հորովելան» ինձ համար ավելի քաղցր է, ավելի մոտ իմ սրտին, քան զանազան սիմֆոնիաներ ու ռոմանսներ...