Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուրբը ս. Գևորգն էր, ուր ամառ-ձմեռ համարյա ամեն շաբաթ երեկո գնում էր համբուրելու, իսկ ամեն տարի աշնանը, այդ սրբի տոնի շաբթին ծոմ էր պահում — ամբողջ վեց օր ո՛չ հաց էր առնում բերանը, ո՛չ ջուր, իսկ յոթերորդ օրը հաղորդվում էր։ Նույնիսկ մի անգամ ծոմապահությունից այնպես հիվանդացավ, որ քիչ մնաց մեռներ, բայց և այնպես շարունակում էր իրենը։ Մեծ պասը պահում էր ամենայն սրբությամբ, իսկ զատկից մինչև համբարձումը երկուշաբթի օրերը չէր աշխատում, որ հարինք ցավը չտարածվի, և արտերը կարկտահար չլինեն։ Միշտ այդպես էին արել հայրն ու մայրը, այդպես էլ շարունակում էր այժմ ինքը։

Նա հավատում էր դևերի և սատանաների, ալքերի և քաջքերի գոյության, թալիսմանների և ժողովրդական աղոթքների զորության։ Երազի մեջ տեսած ամեն մի կենդանի կամ առարկա նրա համար որոշ, տխուր կամ ուրախ, պատահարի գուշակ էր, հոգ չէ, թե այդ երազները բնավ չկատարվեին։

Դեռևս մանուկ հասակում մորից լսել էր, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ուսի վրա — սատանա. նրանք շարունակ կռվում են իրար հետ. հրեշտակը մարդուն դեպի բարին է մղում, սատանան — դեպի չարը, ուստի քնելիս պետք է միշտ ձախ ուսի վրա պառկել, որ սատանան տակը մնա ջարդվի։ Ու Մարթան այդպես էլ անում էր միշտ և հաստատ հավատացած էր, որ գիշերները ձախ ուսի վրա պառկելով սատանային տակն է գցում ջարդում և դրանով ուրախացնում բարի հրեշտակին։

* * *

Գարնան վերջին օրերից մեկում մեռավ Թորոսենց հեռու-մոտիկ ազգականներից մեկի թոքախտավոր տղան՝ Դարչո անունով։ Մարթային եկան տարան, որ օգնի սևեր կտրելու սգավորների համար։ Երեք օր ու գիշեր մնաց Մարթան մեռելատանը և տուն դարձավ թաղման օրը, արդեն մութն ընկած ժամանակ, երբ ամենքն արդեն ցրվել էին։ Հայրը նրանից շատ առաջ էր վերադարձել և խրճիթի շեմքին նստած՝ սպասում էր նրան։