Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ մոտ՝ թեկուզ դրա համար ինձ սպանելու էլ լինեին։ Ամեն կողմից ինձ հաջողություն էին խոստանում միտքս իրագործելու, հայրս, որից ես ամենից շատ էի երկյուղ կրում, բոլորովին արբած վերադարձավ տուն և իսկույն ևեթ քնեց, մայրս էլ երկար չմնաց արթուն— նա էլ մենակության պատճառով շուտով քնեց, իսկ եղանակի վատության պատճառով մեր բնակիչները բոլորը տուն էին մտել, և այսպես ես ոչ ոքից երկյուղ չունեի։ Իմ ննջարանս բոլորովին առանձին է. ես կամաց ու աներկյուղ դուրս եկա և վճռականապես դիմեցի դեպի քո սենյակը։ Եվ այժմ, ահա՛, ես այստեղ— քեզ մոտ եմ, ի՛մ Գրիգոր։

Եվ օրիորդը վերջին խոսքերի հետ փաթաթվեցավ նրա վզովը։

— Դու հերոս ես, իմ անգի՛ն Նունե,— բացականչեց ոգևորված երիտասարդը։

— Այո՛, սերն ինձ նման թույլ արարածներին անգամ քաջություն է տալիս,— շշնջաց օրիորդը։— Ես քեզ բոլորը պատմեցի, Գրիգոր,— խոսեց դարձյալ մի րոպեից հետո,— բայց ես գիտեմ, տեսնում եմ, որ իմ տանջանքս համեմատելով քոնի հետ՝ չնչին մի բան պիտի լինի, այնպես չէ՞, Գրիգորս... Բայց պատմիր, պատմիր քո այս մի տարվա կյանքը, ես չափից դուրս հետաքրքրվում եմ դրանով։ Շորերդ, դեմքդ ցույց են տալիս, որ դու ավելի ես կորցրել, քան որ ես էի կարծում։

Երիտասարդի դեմքը դարձյալ մռայլվեցավ, դառնության կնճիռները դարձյալ ծածկեցին նրա լայն ճակատը։

— Այն օրից, երբ իմ խաբուսիկ բախտի անիվը սկսեց հակառակ պտտվել,— սկսեց նա,— այսինքն այն օրից, երբ իմ անբախտ ծնողներիս մահվան գույժն ստացա և այնպես խիստ կերպով անարգվեցա քո հորից, մինչև օրս տակավին ոչ մի բան ինձ ուրախություն, մի քաղցր ժպիտ անգամ չի պատճառել... Ես, իհարկե, քեզ չեմ պատմի մանրամասնորեն, թե ինչ եմ կրել ես այս ամբողջ մի տարվա ընթացքում. միայն այսքանս կասեմ, որ իմ սիրտս բոլոր այդ ժամանակ թույն էր...

«Երբ ես գնացի մեր գյուղը, սրտի անպատմելի վշտով տեսա անբախտ ծնողներիս անտեր թափած դիակները, որոնց