Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անգութ թուրք ավազակները, որ նոր էին հայտնվել մեր գյուղի շրջակայքում, իրենց ագահությանը զոհ էին տարել։ Իմանալով, որ իմ հայրս գրեթե ամենահարուստն է ամբողջ գյուղի մեջ, նրանք օգուտ են քաղել եղանակի վատությունից, գիշերով մտել են մեր տունը և հրամայել են ծնողներիս, որ իրենց հարստության տեղը ցույց տան, հակառակ դեպքում սպառնացել են երկուսին էլ մորթելու։ Հայրս վատ սովորություն ուներ հարստության մեծ մասը ձեռքի տակ պահելու և այն էլ փող դարձրած. նա այդ պահում էր միայն իրեն հայտնի գաղտնի տեղում։ Դեռ երկար ժամանակ նա չի կամեցել զրկվել յուր այդ խնայողությամբ գումարած հարստությունից. բայց վերջապես, նա իրեն կյանքն ավելի թանկ է համարել, քան հարստությունը և բոլորը հանձնել է ավազակներին։ Չգիտեմ, թե գումարը որքան է եղել իսկապես, բայց գիտեմ, որ բավական շատ պետք է լիներ։ Սակայն անիրավ ավազակները դրանով չեն բավականանում և, երկյուղ կրելով, թե մի գուցե ծնողներս նրանց մատնեն, նրանք երկուսին էլ մորթում են ու փախչում։

Այդ բոլորը ինձ պատմեց մեր ծառան, որ այդ տեսարանին ներկա է եղել, բայց մի կերպով ազատվել է նրանց ձեռքից։ Հարևան քաղաքի ոստիկանությունը թեպետ իմացել և իսկույն հետախուզություն է սկսել, բայց ավազակները մինչև օրս էլ կորած են։

Ամբողջ հինգ օր անբախտ ծնողներիս դիակներն ընկած էին, և ես նրանց թաղելու փող չէի գտնում։ Մենք ունեինք մի փոքրիկ կալվածք, մի քանի լավ եզներ ու ոչխար, վերջինս տանող֊տանողի է եղել, իսկ եզների վերաբերմամբ մի փոքր ազնիվ են գտնվել։ Եզներին իսկույն ևեթ ծախեցի շատ աժան գնով և ստացած փողով թաղեցի ծնողներիս... Այնուհետև ո՞ւր գնայի, ի՞նչ անեի, ինչպե՞ս կառավարվեի — այդ հարցերն էին ինձ անդադար զբաղեցնում, և իմ ուղեղս մի այնպիսի թմրած դրության մեջ էր, որ դրանց ոչ մի կերպ լուծել չէի կարողանում։ Մի կողմից իմ սիրելի ծնողներիս անտանելի կորուստը, մյուս կողմից մեր անտանելի անջատումը, երրորդ կողմից իմ աղքատանալս, մի խոսքով՝ այն անհամար ձախորդություններն ու հարվածները, որ ամեն կողմից տեղում