խորհուրդ էր տալիս, որ եթե ես չեմ փոխել ուսումս շարունակելու մտադրությունս, թող մինչև Պետերբուրգ հասնելու ճանապարհածախս ճարեմ և այս տարի գնամ այնտեղ համալսարան մտնելու։ Թեպետև նա շատ հարստի զավակ չէ, բայց այնուամենայնիվ խոստանում էր, որ ինձ մի կերպ կարող էր յուր մոտ պահել։ Այդ, իհարկե, ինձ համար մեծ ուրախություն էր, և ես շտապեցի այստեղ — քաղաք իջնելու։ Այնտեղ անմիջապես սկսեցի հանգանակություն անել իմ ընկերներիս մեջ, որոնք շատ քիչ են, բայց ժողովածն այնքան չնչին է, որ չոր հացի համար անգամ բավական չէ մինչև տեղ հասնելս... Եվ այժմ չգիտեմ թե ինչ պիտի անեմ։
Նունեն թողեց նրա պարանոցն և նայելով ուղղակի նրա գրեթե արտասվալից աչքերին, ասաց.
— Եվ դրա համար դու հուսահատվո՞ւմ ես, Գրիգոր։
— Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել, անգին Նունե. իմ բոլոր հույսն դրա վերա էր. բայց երբ այդ ևս չհաջողվեցավ...
— Դու բոլորին դիմե՞լ ես դրա համար։
— Բոլորին, ում հետ էլ որ լավ ծանոթ եմ։
— Իսկ ինձ դիմե՞լ ես։
Երիտասարդը զարմացմամբ նայեց ուղղակի նրա աչքերին։
— Քե՞զ,— կանչեց նա։
— Հենց ինձ, ինչի՞ ես զարմանում։
— Բայց դու ի՞նչ ունիս, անգին Նունե։
— Այնքան փող, որ իմ կարծիքով կարող է ճանապարհածախսդ ծածկել։
— Դու կատա՞կ ես անում, Նունե․․․
— Հավատացիր, Գրիգոր, ես անկեղծ եմ ասում... Անցյալ տարվա ռոճիկիս մի մասն է, որ ես պահած ունեմ... Այս տարի հիվանդությանս պատճառով ես ուսումնարան չէի գնում, ապա թե ոչ ավելի կունենայի հավաքած... Բայց ինչ որ ունիմ, այն էլ բավական է քեզ տեղ հասնելու համար, իսկ այնուհետև բոլոր ռոճիկս քեզ կուղարկեմ, որովհետև ես այժմ ինձ բավական առողջ եմ զգում և ինձ համար դարձյալ տեղ կճարեմ ուսումնարանում։
Սեյրանյանը դեռ մի րոպե լուռ, կարծես պապանձված, նայեց նրա լուրջ, գեղեցիկ դեմքին, հետո գլուխը կախեց, և արտասուքի կաթիլներ գլորվեցին նրա այտերի վերայով։