Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարուստ է, վաղն արդեն աղքատ, մուրացկան. մեկն այսօր երջանիկ է, վաղն արդեն ամենաթշվառը... այդ սարսափելի է... Այո՛, ես հասկանում եմ քո դրությունը, անբա՜խտ իմ Գրիգոր, անգի՛ն իմ Գրիգոր... և կաշխատեմ միշտ օգնության ձեռք կարկառել քեզ... այդ ես կարող եմ և պետք է անեմ... միայն թե դու միշտ քաջասիրտ կաց, հաստատակամ, երբեք թշվառությանդ մասին մի՛ մտածիլ... միշտ ուրախ կաց, ծիծաղիր, խնդա... քո թախծությունը առավել ևս կտրատում է իմ սիրտս... չէ՞ որ այդ սիրտը քոնն է, քոնը մինչև վերջին շունչս...

Սեյրանյանի աչքերում հավաքվել էին արտասուքի կաթիլներ. նա միայն լռում էր։

Օրիորդը հանեց գրպանից թղթի մի փոքրիկ փաթաթոց և, տալով նրան, ասաց.

— Ահա՛, Գրիգոր, որ երեկ գիշեր խոստացա։

Սեյրանյանը մեքենայաբար առավ այն. հավաքված կաթիլները հանկարծ դուրս ցայտեցին նրա աչքերից, և նա, ընկնելով ծնկների վերա օրիորդի առաջ, սկսեց անդադար համբուրել նրա ձեռքերը և լալ, առանց մի ձայն հանելու։

— Ի՞նչ ես անում, Գրիգոր, ի՞նչ ես անում,— կանչեց իսկույն օրիորդը և շտապով ետ քաշեց ձեռքերը,— վեր կաց, աղաչում եմ, վեր կաց...— Սեյրանյանը չէր ուզում վեր կենալ։

— Ես իսկույն այստեղից կփախչեմ, եթե դու ինձ չես լսի...

Եվ օրիորդը վեր կացավ ու ցույց տվավ, թե ուզում է դուրս գնալ։

— Կա՜ց,— շշնջաց Սեյրանյանը և վեր կացավ։

— Տե՛ր աստված, մի՞թե կարելի է այդպես անել— ասաց օրիորդը անբավական ձայնով։— Ես չեմ կարող ասել, թե ինչպե՜ս դու վիրավորեցիր դրանով իմ սիրտը... Այդպիսի ամենաչնչին բաների համար թե դու միշտ այդպես արեցիր, այսուհետև ես այլևս... քո երեսին անգամ չեմ նայիլ:

— Ներիր...— ուզեց խոսել Սեյրանյանը, բայց հանկարծ օրիորդը մի ձեռքով փակեց նրա բերանը և մյուս ձեռքով գրկեց պարանոցը, համբուրեց նրա ճակատը և ծիծաղելով դարձյալ բաց թողեց նրան։