Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարթան մտավ, որ ճրագ վառի և մտնելուն պես այնպիսի մի ճիչ արձակեց, որ կարծես օձ խայթեց։

Այդ ճիչն այնքան սարսափելի էր, որ ծերունի հայրը համարյա թե երիտասարդական կորովով վեր թռավ տեղից և ներս ընկավ։ Ու ներս ընկնելուն պես իրեն գտավ աղջկա գրկի մեջ։

— Վա՛յ, հայրիկ ջան, շնե՜րը, կատվանի՜քը,— կանչեց Մարթան սարսափահար, պինդ սեղմելով նրան իր գրկի մեջ պաշտպանություն որոնողի պես։

Հայրը հազիվ կարողացավ պահել իրեն նրա ծանրության տակ, շոշափեց նրա գլուխը և հարցրեց ծայր աստիճան զարմացած.

— Մարթա ջան, ի՞նչ ես ասում։

— Շները, կատվանիքը,— կրկնեց Մարթան, և հայրը զգաց, որ նա ամբողջ մարմնով դողում է։

— Ի՞նչ շուն, ի՞նչ կատու, որդի ջան։

— Հրեն... միսը քրքրում են...

— Ի՞նչ միս, որտե՞ղ։

— Հրեն թախտի տակը, թախտի տակը...

Ծերունին մի կերպ ազատեց իրեն աղջկա ցնցողաբար սեղմող ձեռքերից, մթության մեջ խարխափելով մոտեցավ սեղանին, որ ճրագ վառի, բայց թե՛ ձեռքերն էին դողում և թե իրենից պոկ չեկող սարսափահար աղջիկը չէր թողնում, որ ազատ շարժումներ գործի։ Վերջապես, սեղանի վրա երկար տապտպելուց հետո, գտավ լուցկու տուփը և մի կերպ վառեց լամպը։ Ու երբ լույսի վրա նայեց աղջկան, զարմանքից քարացավ։ Մարթայի դեմքը սարսափից ծռմռվել, այլանդակվել էր, աչքերը կարծես ուզում էին դուրս պրծնել խոռոչներից, հայացքն անմիտ էր, երեսին գույն չկար, և ինքն ամբողջովին դողում էր տերևի պես։

— Մարթա ջան, էդ ի՞նչ ա հալդ,— ակամա բացականչեց ծերունին իր թույլ, դողդոջուն ձայնով,— ինչի՞ ես դողում։

— Շները, հայրիկ ջան, կատվանիքը... ախր միսը քրքրրում են թախտի տակը,— սարսափած կրկնում էր Մարթան, ձեռքով ցույց տալով թախտը։