Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այժմ դու ինձ այս ասա. ե՞րբ ես ճանապարհ ընկնում,— հարցրեց նա դարձյալ ծիծաղելով։

— Ե՞րբ,․․․ չուշանալու համար մի քանի օրից հետո,— պատասխանեց Սեյրանյանը։

-----

Չորս օրից հետո, արդեն բոլոր պատրաստությունները տեսած, Սեյրանյանը ճանապարհ պիտի ընկներ դեպի Պետերբուրգ։ Դրա նախորդ գիշերը սիրահարները դարձյալ տեսնվեցան միմյանց հետ։ Խիստ սրտաշարժ էր նրանց անջատման րոպեն․ նրանք երկար, շատ երկար ժամանակ միմյանց գրկած արտասուք էին թափում միայն․․․

Օրիորդը «գնաս բարևի» վերջի րոպեին ասաց նրան․

— Գնա՜, Գրիգորս, աստված քեզ հետ․ քեզ ընկեր է իմ հոգիս․․․ չմոռանաս ինձ և միշտ նամակ գրիր․․․ Եթե կենդանի մնացինք, մենք դարձյալ կտեսնվենք և․․․ և․․․ այնուհետև արդեն երջանիկ կլինենք․․․

Մյուս օրն առավոտյան Սեյրանյանն արդեն Պետերբուրգի ճանապարհի վերա էր։

Ե

Այդ օրից անցել էր հինգ տարի։

Հուլիսի սկիզբն էր։

Երեկոյան մայր մտնող արևի վերջին թույլ ճառագայթները լուսավորում էին ամառանոցի գեղեցկաշեն տների ապակիները, որոնք հեռվից վառ ճրագների էին նմանում։

Ցերեկվա շոգից հետո օդի մեջ սկսել էր արդեն մի տեսակ զովություն տիրել։ Թռչունները տակավին ճլվլում էին ծառերի վերա։ Հասարակաց այգիում նվագում էր զինվորական երաժշտական խումբը։ Ամառանոցի գրեթե բոլոր բնակիչները՝ երեխաներից սկսած մինչև ծերերը՝ բոլորն էլ այնտեղ էին։ Ահա այստեղ մայրը, հանդարտ զբոսնելով, նայում է ուրախությամբ յուր սիրելի զավակներին, որոնք օտարների երեխանց հետ բարեկամանալով, վազվզում են այգիների ճեմելիքներում. այնտեղ երիտասարդ երջանիկ ամուսինները կուռ-կուռի տված՝ ծանր-ծանր շարժում են ոտները, մյուս կողմն ուսումնարանների երկու սեռին պատկանող զվարճասեր