Jump to content

Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուռը բացվելով, ներս մտավ մեզ ծանոթ աղախինը: Նա կամենում էր Սեյրանյանի ընկերոջը։

Սեյրանյանը հայտնեց, որ ինքն էլ բժիշկ է և որ յուր ընկերոջ բացակայության պատճառով պատրաստ է ինքը գնալու հիվանդի մոտ։ Աղախինը առանց այլևայլության խնդրեց նրան, որ շուտով հետևի իրեն: Սեյրանյանը ծածկեց գլխարկը և դուրս գնաց նրա հետ։ Նա ի՞նչ գիտեր, թե այդ րոպեին ո՞ւմ մոտ էր գնում և կամ անողորմ բախտն ի՞նչ էր պատրաստում նրա համար... Նա դողում էր հիվանդի տան սանդուղքներով բարձրանալիս, որովհետև կյանքի մեջ գործելու այդ առաջին փորձը պիտի լիներ։ Աղախինը բացեց դուռը, և նա ներս մտավ սենյակը, որտեղ մահճակալի վերա պառկած էր հիվանդ կինը։

Է

Սեյրանյանը խելագարի նման առավ Նունեի ոսկրացած ձեռքը և մոտեցրեց յուր շրթունքներին։

— Նունե՛, Նունե՛... վա՜յ ինձ, այս ի՞նչ դրության մեջ եմ տեսնում ես քեզ...— կրկնում էր նա անդադար հուսահատությամբ։

Նունեն — որովհետև հիվանդն իսկապես նա էր — նշան արավ, որ իրեն վեր կացնեն։ Աղախինը, որ ներկա էր այդ տեսարանին և բոլորովին զարմացած նայում էր բժշկին, օգնեց նրան նստելու։ Հիվանդը նստեց և մեծ քնքշությամբ, սիրով ու կարոտով նայեց բժշկի ծանոթ աչքերին, և նրա դեմքի վերա դարձյալ մի ժպիտ փայլեց։ Հետո նա ձեռքով նշան արավ, որ աղախինն իրենց մենակ թողնի։

Աղախինը մի անգամ էլ զարմացմամբ նայեց բժշկին և դուրս գնաց։

Հիվանդը, աղախնի գնալուց հետո, նշան արավ, որ բժիշկը նստի։ Սեյրանյանը մեքենայաբար նստեց մահճակալի մոտ դրված բազկաթոռի վերա և առավ նրա ձեռքը։

— Անգին իմ Նունե՛, հոգիս, ասա, այդ ի՞նչ է քո դրությունը... Մի՞թե իսկապես այդ դու ես, թե ես երազումս եմ միայն քեզ այդպես տեսնում,— խոսեց ողորմելի ձայնով բժիշկը։