Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես, իմ խնդիրքս... այդ միակ խնդիրքս մահվան րոպեին չես մերժիլ... Ուրեմն կկատարե՞ս, Գրիգոր։

Բժիշկը լուռ էր։ Հիվանդը կրկնեց յուր հարցը։

— Կկատարեմ...— վերջապես կարողացավ արտասանել բժիշկը։

Հիվանդի մեռած դեմքը կենդանացավ.

— Թեպետ ես քեզ հավատում եմ, Գրիգոր, բայց... երդվիր։

Բժիշկը կանգնեց և խոսեց ցավագին, դողդոջուն ձայնով։

— Երդվում եմ այս սուրբ րոպեով, անգի՛ն իմ Նունե, որ ես անպատճառ կկատարեմ... ես ամեն կերպ կաշխատեմ կատարել քո այդ խնդիրքը, թեպետև, ավա՜ղ, ինձ մեծ, շատ մեծ ույժ է հարկավոր դրա համար... Այո՛, ես կապրեմ, ի՛մ Նունե, իմ բարերար, և կապրեմ ո՛չ թե երբևիցե քեզ մոռանալու, այլ միշտ — ամեն րոպե, ամեն վայրկյան քեզ, քո արդար գործերը հիշելու, քո սուրբ անունդ օրհնելու և երախտապարտ, բայց վշտաբեկ, խորտակված սրտով աղոթելու քեզ համար...

— Եվ հայրենիքիդ մեջ գործելու...— կամաց, շատ կամաց ձայնով շշնջաց հիվանդը՝ նայելով անթարթ Սեյրանյանի աչքերի մեջ։— Գյուղի խաղաղության մեջ, այնտե՜ղ... հիշո՞ւմ ես... հիշի՜ր... չմոռանաս... Իսկ ե՞ս... ա՜խ, մարդի՜կ, մարդի՜կ...

Վերջին խոսքերի հետ նրա դեղնած դեմքը մի տեսակ ձգձգվեց, այլանդակվեց, աչքերը փայլեցին մի ինչ֊որ սոսկում ազդող փայլով, նա շարժվեց մի քանի անգամ, ձգձգվեց, խռխռացրեց, և աչքերը փակվելով, հանկարծ մնաց անշարժ, կարծես չորացած։ Նա մեռավ։

Ը

Կես ժամ հետո Սեյրանյանը նստած էր յուր ընկերոջ սենյակում մենակ և վառված լամպայի լույսով, Նունեի սեղանի վերայից առած թղթերից մինի մեջ կարդում էր հետևյալ տողերը.

«Անգին իմ Գրիգոր.

Դու չես կարող երևակայել, թե այս րոպեիս, երբ սկսում եմ այս նամակս, որպիսի հուզմունքի մեջ է իմ հոգիս, թե